ԱՆՈՒՇ
Մասն առաջին
I
Ամպշող գիշեր է. ահա քեզ Լոռու
Չքնաղ լեռները ձգվում են հեռու.
Այս լեռների մեջ յուր ավանդներով
Մի պարզ ժողովուրդ ապրում էր սիրով,
Եվ նորա հոգին հստակ էր և վես
Իրան լեռների, աղբյուրների պես։
Այն օրից օրեր դեռ շատ չեն անցել
Եվ հասած վերքը դեռ չէ հնացել.-
Լսվում են մեկ֊մեկ հնուց երգերը
10
Եվ հին սերունդի բոլոր կըրքերը -
Նրանց արատը, արարքն անվեհեր
Հնչող ձայներում պահում են անմեռ։
II
Տեսնո՞ւմ ես, գյուղը մռայլի միջին
Սևին է տալիս սարի ստորոտում,
Նրանից ներքև խոր ու խավարչտին
Ձորում խլաձայն գետն է որոտում.