Դեռ գորշ ամպերը վաղ առավոտյան
Նոր են ջուր խմած ձորից բարձրանում,
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան
Նոր է արևը պռունկը հանում,
Գյուղիցը մոտիկ քարափի գլխին
460
Մի խումբ իգիթներ, ահա զայրացած,
Հրացանները բռնած ձեռքներին,
Խոսում են տաք-տաք և նայում են ցած։
Գյուղումն աղմուկ է և իրարանցում,
Կըտերներին են կանայք հավաքված,
Տղերքը դեպի քարափն են վազում
Հրացանների կիսերից բռնած։
Եկավ վիթխարի ծերունի մի մարդ,
Կանգնեց խռոված տղերանց միջին,
Մատը դեպի ձորը մեկնելով հանդարտ
470
Այսպես խոսեցավ զոռ տալով չիբխին.-
«Եղբոր հաչեցին շներն այս գիշեր,-
Վաղուց էր անցել գիշերվան կեսը,-
Երկու մարդկային սև կերպարանքներ
Հողերովն եկան, ցած իջան դեսը»։
Այս որ լսեցին, դես ու դեն ցրված
Տղերքը ճեպով ձորը ներս մտան,
Եվ մըտի տակին, ճամփիցը ծռված
Ու մարդու թարմ ոտնատեղ գտան։-
«Այն անզգամինն է այս ոտնատեղը,
480
Տեսնո՞ւմ եք, ինչպես հողում նամակուշտ
Խորն է գնացել նրա պճեղը,
Իսկ տրխավորը Սարոյինն անշուշտ»։
Ամբողջ մի ամիս խումբը զինավառ
Սարեր ու ձորեր ոտնատակ տվեց