Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/302

Այս էջը հաստատված է

Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում.
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել...
Ես ե՜րբ եմ եկել, այստեղ քարացել,
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրավ,
էնքան մընացի, աչքըս ջուր դառավ...
180 [Դու նոր ես գալիս... չես սիրում ինձ պես.
Չես էլ մըտածում, թե ինչ կըլնեմ ես -]
Ասում են՝ ուռին
Աղջիկ էր, ինձ պես,
Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես...
Խեղճը դողալով,
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ։
190 Ջըրերի վրա
Գըլուխը կախած,
Դեռ դողում է նա
Ու լալիս կամաց,
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՞նց է մոռանում։
-Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ինչ ես ասում.

Բա դու չե՞ս լըսում.

200 էն, որ լանջերին խաղեր եմ ասում,

Ո՞ւմ հետ եմ խոսում,

էն, որ գիշերով շըհու եմ փըչում,

էն ո՞ւմ եմ կանչում,

___________

179 Այնքան մընացի, աչքըս ջուր դառավ...
200-203 էն, որ լանջերին շըհու եմ փըչում,
էն քեզ եմ կանչում,
էն, քունս կտրած որ խաղ եմ ասում,
էն քեզ եմ կանչում.