Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/309

Այս էջը հաստատված է

Քո ձեռը կոտրի, ով որ հանեցիր...
Ու ողջ մընացին մոլորված, ապուշ։
350 -Սուտ բան է, քույրիկ, դու մի՛ հավատար.
Լոկ պատահական մի չար խոսք է սա,
Սիրտըդ մի՛ կոտրիր սուտ բանի համար,
Քո խաղը խաղա, ջան գյուլում ասա։
-Ա՜խ, չէ, ես գիտեմ, ես բախտ չի ունեմ.
Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել,
Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ.
Մանուկ օրից են դեռ ինձ անիծել։
Ասում են՝ մի օր, ես օրորոցում,
Մի պառավ դավրիշ մեր տունն է գալի,
360 Իր խաղն ասում է ու բաժին ուզում,
Իմ նանը նրան բաժին չի տալի։
-Կորի՛,-ասում է,-կորի՛ մեր դըռնից,
Երեխաս ճաքեց, հեռացի՛ր, գընա՛.
Ու դավրիշն այնտեղ անիծում է ինձ,
Թե դըրա օրը լացով անց կենա։
Ա՜խ, այն դավրիշի անեծքին անգութ
Ու այս վիճակին տեղյակ է աստված,
Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մո՜ւթ
Ի՞նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված։
370 -Մի՛ տրտմիր, Անուշ, մի լինիր համառ,
Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ,
Մի խելառ դավրիշ, մի անեծք հիմար,
Ու լալիս ես դու այդպես սըրտաճաք։
Հանգիստ կաց, քույրիկ, մի՛ վախիր այդքան
Կյանքը քեզ համար վառ գարուն է դեռ,
Այդ քո նորահաս մատաղ կուսության
Առջև դեռ կան երջանիկ օրեր...
________
354 -Ո՜հ, չէ, ես գիտեմ, ես բախտ չի ունեմ.
358-359 Ասում են՝ մի օր պառավ դավրիշ
Մի պառավ դավրիշ մեր տուն է գալիս,
361 Իմ նանը նրան բաժին չի տալիս: