Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/347

Այս էջը հաստատված է

Ուզում էր նըրան մորթել աչքը բաց։
- Դե իմ անունով երդվիր, անըզգամ,
Որ էլ Սարոյին դու չես սիրելու,
430 Թե չէ՝ տեսնում ես, խանչալը հանած,
Մինչև դաստակը սիրտդ եմ խըրելու։
- Քու ոտի հողն եմ, Մոսի ջան, Մոսի…
Դու քու եսիրին երդո՞ւմ ես տալիս…
Ես էլ Սարոյին չեմ սիրում, ասի,
Տեսնո՞ւմ ես - չոքած ի՜նչպես եմ լալիս…
- Դու խաբո՞ւմ ես ինձ, <…> խաբեբա.
Չե՞ս սիրում ասիր, էն ինչ է հապա,
Էն ինչ է հապա, որ տեղն ենք մըտնում,
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում…
440 Էն ինչ է հապա, որ դու երազում
Սարո ջան, Սարո՜ … Սարո ես ասում…
- Մոսի ջան, Մոսի, գըլխովըդ ման գամ,
Ինձ մի՛ ըսպանիր, ինձ թող էս անգամ.
էլ չեմ սիրիլ ես, երբ դու չես ուզում,
Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում…
Ինձ մի՛ ըսպանիր, ղամեդ տար հեռու…
Քու քո՞ւյրը չեմ ես… իմ Մոսին չես դո՞ւ…

XX



Այս թըշվառ օրից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը այս դեպքի համար,
Ընկեր-բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար։
Էն ո՞ր Մոսին էր, անկոտրում Մոսին,
Որ աչքը դեռ բաց այս լույս աշխարքում
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի-Սարոյի գըրկում։
Գուցե գիշերս էլ, իր հերսից անքուն,
Ուզում է ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծայրով սըրտիցը հանի։