Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/441

Այս էջը հաստատված է

Ես լավ եմ տեսնում այժըմ ամեն բան.
Դու ինձ ես մենակ միամիտ գըտել
510 Հապա դե խոսիր ուրիշի մոտ էլ
Ա՛յ, թեկուզ մեզ մոտ, հենց իմ կընկանը,
Ասա թե մենակ փողը չի բանը...
Բայց ի՞նչ եմ ասում, հայոց գրողը
Վաղուց է արդեն ճանաչել փողը։
Եվ երկա՜ր, երկար մեր ողջ հանճարով
Մըտածել ենք մենք դըժվար օրերով-

Գըրողի պըսա՞կ,
Թե՞ փողի քսակ...


Եվ լավ ենք վճռել. դե գնա՛, Մուսա,
520 Գըրադարանըս շինում եմ կասսա,
Թըքում եմ և քե՛զ և քո պըսակին,
Երկըրպագում եմ փողի քըսակին։
«Փողի քըսա՜կը, փողի քսա՜կը,
Բարձրացընում է մարդու հասակը,
Գեղեցկացնում է հըրեշ-տըգեղին,
Սըրբագործում է գարշն ու աղտեղին։
Նրա ույժն է, որ դարձընում է լոկ
Անասուններին հարգի ու խելոք,
Կույսին-զառամին մոտեցնում իրար,
530 Չարին, վաշխառվին շինում բարերար,
Պըճնում ճակատը լիրբ ավազակի,
Կանգնեցնում արձան անվախճան փառքի։
Նա է միշտ շարժում դատողի լեզուն,
Նա է հասցընում աղոթքն աստծուն,
Նրա վրա է աշխարհքը կանգնած,
Նա մեր հոգին է, մեր երկրորդ աստված։
Պոետն էլ բնավ թե խոսել է վատ,
Տուժել է սաստիկ, զղջացել է շատ,
Եվ այժըմ, ահա՛, խելքի է եկել,
540 Սկսել է նրան օրհնություն երգերլ»։