Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/45

Այս էջը հաստատված է


Տխուր են մարդ ու կին, տխուր է ծերը,
Հոնքերի տակից փայլում էր թախիծ,
60 Եվ ահաբեկված մի գաղտնի վախից,
Բերանն անատամ, դողդոջուն ձայնով
Այսպես բաց արավ՝ իրան պահելով.
   ― Ո՞ւր ես կամենում գնալ, իմ Մհե,
Այնտեղ ի՞նչ կա, ի՞նչ, նպատակդ ի՞նչ է,
Ի՞նչու ես թողնում քո հոր օջախը,
Ալևոր հորդ, քո օղլուշաղը։
Ես ծերացել եմ, առաջվանը չեմ,
Որ ամեն ցավի ետևից թռչեմ.
Արդեն հասել են մահվանս օրերը,
70 Դուն էլ գնում ես, ո՞վ է մեր տերը։
Կաց այստեղ, որդի, հորըդ ականջ դիր,
Ձեռքդ չեն բռնում, այստեղ աշխատիր։
   ― Այստեղ ի՞նչ կա, հայր, որ այստեղ աշխատեմ,
Հենց թեկուզ, ասենք, մնամ, աշխատեմ,
Ի՞նչը կըպրծնի անօրեն թուրքից,―
Մարդու հացն անգամ խլում են ձեռքից։
   ― Ոչ ոք չի դիպչիլ քո արդար հացին,
Տուր փարեն՝ պրծիր չարեն, ասացին
Մեր լուսահոգի խելոք պապերը։
80 Կատարի՛ր, որդի, նրանց պատվերը.
Սոված չես մնալ, բախտավոր կըլնես,
Թուրքն էլ քաղցր աչքով միշտ կընայե քեզ։
   ― Աշխատանք չըկա, հայրիկ, աշխատանք,
Եղած չեղածն էլ որ թուրքերին տանք,
Իսկ մե՞նք ինչ անենք, սոված կոտորվե՞նք.
Մինչև ե՞րբ պիտի այսպես չարչարվենք։
   ― Մեր ցավն է, որդի, մենք պիտի տանենք,
Դուն ո՞նց ես ուզում, ուրիշ ի՞նչ անենք.
Եթե ձեռքիցդ մի բան է գալիս,
90 Դե արա՛, ու՞մ ես էլ մտիկ տալիս,
Թե չէ, ինչու՞ ես կորչում հողեց հող,
Ո՞վ է քեզ համար այնտեղ կտրել փող։

39