Դրանք հնարավորություն են տալիս ըստ ամենայնի խոր և առարկայորեն պատկերացնելու պոեմների վրա կատարված աշխատանքի ամբողջ ընթացքը, որը ոչ միայն գիտական խոշոր արժեք ունի, այլև հետաքրքրում է «ամենայն հայոց բանաստեղծի» անհամար երկրպագուներին։
Թումանյանի պոեմների պահպանված ինքնագրերը, սևագիր հատվածներն ու գրառումները հիմնականում պահվում են Գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) Թումանյանի ֆոնդում, մասամբ նաև Թումանյանի ընտանիքի արխիվում (ԹԸԱ), որը ներկայումս պահվում է Թումանյանի թանգարանի ֆոնդերում։ Թանգարանային միավորների համարները նշվում են համապատասխան ծանոթագրություններում, իսկ առանձին դեպքերում, պահպանման տեղն ավելի որոշակի մատնանշելու համար, տվյալ նյութի վերնագրի կողքին։
Հաշվի առնելով Թումանյանի պոեմների սևագրությունների և տարբերակների հարուցած բնագրագիտական բարդ խնդիրները, հատորում կիրառվել են մատուցման տարբեր եղանակներ, որոնք բացատրվում են համասպատասխան տեղերում։
Հեղինակի ծանոթագրությունները բերվում են տվյալ տարբերակից հետո՝ ըստ տողահամարների, իսկ խմբագրության բացատրությունները՝ ծանոթագրությունների բաժնում, նույնպես ըստ համապատասխան բնագրի տողահամարների։
Հեղինակի ջնջած բառերը, տողերն ու հատվածները գրվում են ուղղանկյուն [ ] փակագծերի մեջ (բացառությամբ այն դեպքերի, երբ միևնույն տողի երկու կամ ավելի տարբերակների համադրությունից ինքնին հասկանալի Է դառնում, թե տվյալ տարբերակի որ բառերից է հրաժարվել բանաստեղծը՝ անցնելով տողի մշակման հաջորդ աստիճանին)։
Խմբագրության վերականգնած և ավելացրած բառերն ու տառերը դրվում են սուրանկյուն < > փակագծերի մեջ։
Հատորում օգտագործված են հետևյալ համառոտագրությունները.
ԲՄ I- Բանաստեղծություններ, հ. I, Մոսկվա, 1890
ԲՄ II- Բանաստեղծություններ, հ. II, Մոսկվա, 1892
Դ- Դաշնակներ, Թիֆլիս, 1893
Դփ- Դաշնակներ, Փոփոխված, Թիֆլիս, 1896
ԲԹ- Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1903
ԲԲ- Բանաստեղծություններ, Բաքու, 1908
ԲՊ- Բանաստեղծություններ, Կ. Պոլիս, 1922
ԳԵ- Գեղարվեստական երկեր, խմբ. Ե. Չարենցի, Երևան, 1934
ԵԺ- I, II, III, IV, V, VI, Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու վեց հատորով (գիտական հրատարակություն), Երևան, 1940—1959
ՈՒՀ 1, 2, 3, 4- Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 1-4, Երևան, 1964-1985: