Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/490

Այս էջը հաստատված է



ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԷՊՈՍԸ



Թումանյանի պոեմները, որոնք միասին կազմում են մի յուրօրինակ բանաստեղծական էպոս, կարևորագույն տեղ են գրավում նրա գրական ժառանգության մեջ։ Բանաստեղծի տաղանդի էպիկական հատկանիշները, որոնք սկզբից ևեթ գերակշռող էին նրա ստեղծագործական նկարագրի մեջ, բնականաբար, մղեցին նրան դեպի չափածոյի ամենախոշոր ժանրային ձևը՝ պոեմը։ Այդ ժանրը բանաստեղծի առջև առավել մեծ հնարավորություններ էր բացում ինչպես կենսական հարցերի լայն ընդգրկման, այնպես էլ գեղարվեստական և փիլիսոփայական ընդհանրացումների համար, որոնց հակումը երևան եկավ նրա ստեղծագործական առաջին իսկ քայլերից։ Եվ զարմանալի չէ, որ չափածո էպիկական հիմնական ժանրերը պոեմն ու բալլադը, դարձան Թումանյանի պոեզիայի առաջատար տեսակներ, նրա աշխարհայացքի և գեղարվեստական մտածողության ամենից լայն ու խոր արտահայտությունը։

Գրական քննադատության մեջ բավական վաղ է խոսվել Թումանյանի տաղանդի էպիկական (վիպական) բնույթի և այդ առումով հայ բանարվեստում նրա բերած սկզբունքային նորության մասին։ Արդեն Թումանյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորի (1890) գրախոսները հատուկ ընդգծեցին այդ հանգամանքը։ Այսպես, Մանուկ Աբեղյանը (Վարսամ) նշում էր, որ «Թումանյանի բանաստեղծության բնորոշ հատկությանն է վիպականությունը» և, նկատի ունենալով գրախոսվող գրքում զետեղված «Լոռեցի Սաքոն», «Մեհրի» և «Ալեք» պոեմները, ավելացնում էր, «Մեր վիպերգական բանաստեղծության մեջ այդ երեք քերթվածները չունին իրենց նմանը թե՛ կենդանությամբ, թե՛ զգացմունքների բնականությամբ և թե՛ գրավիչ, սահուն և, որ գլխավորն է, կանոնավոր գեղեցիկ լեզվով» (Մ. Աբեղյան. Երկեր, հ. է, 1975, էջ 362): Նույն միտքն ընդգծեց նաև Լևոն Մանվելյանը՝ Թումանյանի մասին գրելով. «Նա յուր պոեմների մեջ նման չէ ոչ մեր հին, ոչ նոր բանաստեղծներին. նա կանգնած է առանձնակի, նա ինքնուրույն է, նա մի տեսակ նորություն է մեզ համար... Նոքա (Թումանյանի պոեմները - խմբ.) ունին ներքին ընդհանուր գծեր,