ասած՝ այս ժանրի հետ կապված հոգսերն ու մտորումները մշտապես ուղեկցել են բանաստեղծին՝ երբեմն լարված գրական աշխատանքի ձևով, իսկ երբեմն իբրև ստեղծագործական ծրագիր և մտահղացում, որոնց իրականացմանը պատրաստվում էր նա։
Թումանյանի ավելի քան երեսնամյա գրական ուղու մեջ որոշակիորեն առանձնանում են երկու շրջան, երբ նա հատկապես կենտրոնացված և արդյունավետ է աշխատել իր պոեմների վրա։
Առաջին շրջանը 1880-ական թթ. վերջն ու 1890-ական թթ. սկիզբն է (1887—1892), երբ գրվել ու հրատարակվել են նրա առաջին վեց պոեմները. «Լոռեցի Սաքոն», «Մեհրին» և «Ալեքը»՝ «Բանաստեղծությունների» առաջին հատորում (Մոսկվա, 1890), «Անուշը», «Մերժած օրենքը» և «Մարոն»՝ երկրորդում (Մոսկվա, 1892)։ Սակայն գրական–հասարակական բավական լայն արձագանք գտած այս վեց գործերով երիտասարդ Թումանյանի պոեմների ցանկը չի սպառվում։ 90-ական թթ. սկզբին են գրվել նաև «Հառաչանք» («Ծեր այգեպանի պատմությունը»), «Հին կռիվը» («Լևոնի կռիվը») պոեմների նախնական տարբերակները։ Հովհ. Թումանյանի ծննդյան 50-ամյակի առիթով գրած հոդվածում (1919) Սերգեյ Գորոդեցկին վկայել է (անշուշտ, հենվելով բանաստեղծի հաղորդած տվյալների վրա), որ «Թումանյանը երիտասարդ հասակում գրել է մոտ 13 պոեմ, իսկ դրանցից միայն 3 կամ 4-ն է մնացել...» (ԹԺՀ, 894)։ Հատկապես արդյունավետ եղավ 1890 թվականը, երբ նա գրեց հինգ պոեմ, որոնցից երեքն ավարտված՝ «Մեհրի», «Մերժած օրենք», «Անուշ», իսկ երկուսն անավարտ՝ «Հառաչանք», «Լևոնի կռիվը» (տե՛ս նաև Ա. Ինճիկյան, էջ 292)։ Հավանաբար, Ա. Գորոդեցկու նշած թվի մեջ մտնում են նաև «Պոետն ու Մուսան» և «Դեպի Անհունը», որոնց մտահղացումն ու վաղ տարբերակները նույնպես վերաբերում են 90-ական թվականներին։
Պոեմների վրա առավել լարված և արդյունավետ աշխատանքի երկրորդ շրջանը մեր դարի առաջին տարիներն են։ 1901—1903 թթ. Թումանյանը հիմնավորապես վերամշակում է նախկինում տպագրած իր պոեմներից մի քանիսը («Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Մարոն»), ավարտի է հասցնում ավելի վաղ մտահղացված մի քանի գործեր («Պոետն ու Մուսան», «Դեպի Անհունը», «Հին կռիվը») կամ գրում է բոլորովին նորերը («Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը»)։ Հիշատակված պոեմներից վեցը տեղ գտան 1903 թ. Թիֆլիսում տպագրված «Բանաստեղծություններ» գրքում, որը հաստատեց Թումանյանի գեղարվեստական տաղանդի զարգացման նոր, բարձրագույն աստիճանի սկիզբը՝ «Թմկաբերդի առումը» տպագրվեց մի փոքր անց՝ 1905 թ., իսկ «Հին կռվի» ավարտված տարբերակը կորավ ոստիկանության խուզարկումների ժամանակ (նրա հինգ մասերից փրկվեցին միայն երկուսը)։
Սակայն այս երկու շրջանների առանձնացումը չպետք է բացարձակացնել։ Նախ, նրանց միջև ընկած տարիներին ևս՝ 1893—1900 թթ. Թումանյանի ստեղծագործական միտքը տարբեր ձևերով, բայց մշտապես