զբաղված է եղել պոեմների գրության և կատարելագործման հարցերով: 1892 թ. ժողովածուն հրատարակելուց անմիջապես հետո, ավելի հստակորեն գիտակցելով իր աոջև կանգնած նոր ստեղծագործական խնդիրները, Թումանյանն ըստ ամենայնի նվիրվեց իր հին ու նոր պոեմային մտահղացումների իրագործմանը։ Արդյունքը եղավ ոչ միայն «Լոռեցի Սաքոյի» երկրորդ՝ «միջանկյալ» տարբերակի ստեղծումը, որը 1896 թ. լույս տեսավ առանձին գրքով, այլև մյուս «գյուղական» պոեմների և առաջին հերթին՝ «Անուշի» արմատական վերստեղծման ուղիների որոնումը, վերը հիշատակված պոեմներից մի քանիսի նախնական տարբերակները, որոնք հետագայում ենթարկվեցին նոր էական փոփոխությունների։ Դա ներքին ստեղծագործական վերակառուցում և նախապատրաստություն էր, առանց որի դարասկզբին հնարավոր չէր լինի համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կերտել պոեմների մի ամբողջ շարք, որոնք նշանավորեցին հայ վիպական բանաստեղծության որակական նոր աստիճան։
Մյուս կողմից, 1905 թ. հետո էլ, մինչև մահը, Թումանյանը թեև նոր ամբողջական պոեմներով հանդես չեկավ, բայց, կարելի է ասել, հեռանկարի մեջ միշտ ուներ իր անավարտ էպիկական մտահղացումների իրագործման խնդիրը, թեև, տարբեր պատճառների բերումով, ստիպված էր նրանց վրա աշխատել անկանոն, հաճախ մեծ ընդմիջումներով։ Այդ տարիներին հրապարակվեցին «Հին կռիվը», «Հառաչանք», «Հազարան բըլբուլը» պոեմների մի շարք ծավալուն մասեր, որոնք և այդ անավարտ երկերի հասարակական ընկալման հիմքը դարձան։ Նույն շրջանում Թումանյանը մեկընդմեջ նախպատրաստական աշխատանք է կատարել «Սասունցի Դավիթը» պոեմի երկրորդ մասը գրելու, գուցե և ամբողջ պոեմն էապես վերամշակելու, այն նոր, ավելի լայն ծրագրով վերստեղծելու համար։ Այդ նպատակը մնաց չիրականացված։ Սակայն նշված տարիներին Թումանյանի միտքն ամենից ավելի զբաղված էր մի շատ լայն էպիկական մտահղացմամբ՝ «Հազարան բըլբուլ» հեքիաթ-պոեմով, մի ծրագիր, որը նրան ուղեկցել է շուրջ երեք տասնամյակ՝ 1890-ական թթ. կեսերից մինչև կյանքի վերջին օրերը։ Նույնիսկ մահվան անկողնում նա ամենից ավելի մտահոգված է եղել այդ պոեմն ավարտելու գաղափարով։ «Ա՜խ, երանի «Հազարան բըլբուլս» գրած լինեի... ի՜նչ լավ կլիներ»,— ասել է նա 1923 թ. հունվարի 13-ին (Ն. Թումանյան, էջ 298)։
Այսպիսով, կարելի է ասել, որ էպիկական պոեզիան՝ պոեմի ժանրը բալլադի հետ միասին, Թումանյանի համար եղել է «կյանքի գործ», գաղափարական և գեղարվեստական ըմբռնումների ստեղծագործական մարմնավորման հիմնական ասպարեզ։
Հովհ. Թումանյանից պահպանվել է և ներկա հրատարակության 3-րդ և 4-րդ հատորներում զետեղվում է ընդամենը 13 պոեմ (չհաշված բացարձակորեն սևագիր և անավարտ հատվածները)։ Խիստ տարբեր է այդ պոեմների ստեղծագործական պատմությունն ու ճակատագիրը, նրանք