Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/501

Այս էջը հաստատված է

պոեմի վրա։ Հետևաբար, ճիշտ կլինի իբրև «Թմկաբերդի առումի» գրության ժամանակ նշել 1902-1904 թվականները։

Մնում է մի քանի խոսք ասել այն երկու պոեմների մասին («Հառաչանք», «Հազարան բըլբուլ»), որոնք հատվածաբար տպագրվել են մամուլում և Թումանյանի կենդանության ժամանակ նրա որևէ ժողովածուի մեջ տեղ չեն գտել։ Երկուսն էլ իբրև մտահղացում և ծրագիր բանաստեղծին ուղեկցել են տասնամյակների ընթացքում այդպես էլ մնալով անավարտ, իսկ նրանց ճշգրիտ թվագրությունը երկու դեպքում էլ կապված է լուրջ դժվարությունների հետ, և հարցի ամեն մի լուծում ինչ-որ չափով պայմանական կլինի։

«Հառաչանք» պոեմից Թումանյանը հրապարակել է երկու համեմատաբար մեծ հատված (1893 և 1914 թթ.), «Նախերգանքը» (1896) և երկու քառատող (1920)։ Բացի այդ, պահպանվել են մի քանի սևագիր հատվածներ։ Սակայն պոեմի մտահղացումը ծագել է զգալիորեն ավելի վաղ՝ 80-ական թթ. երկրորդ կեսին, իսկ գրությունն սկսվել է 1890 թ. («Ծեր այգեպանի պատմությունը» վերնագրով) ու շարունակվել հաջորդ տարիներին։ Եթե վերցնենք, օրինակ, մեզ հասած հատվածներից կարևորագույնը և ամենածավալունը («Մթնեց։ Ծերունին լուռ չարչարանքով...» տողով սկսվող), ապա ոչ մի կասկած չի կարող լինել, որ 1914 թ. տպագրելուց առաջ Թումանյանն այն էապես վերամշակել է, մտցրել ոճական և կառուցվածքային լուրջ փոփոխություններ։ Այդ հատվածի մեջ, ի տարբերություն 1893 թ. տպագրված հատվածի, որոշակիորեն երևում է 1910-ական թվականների թումանյանական ոճի և վարպետության կնիքը, և դա չի կարելի նկատի չառնել ինչպես պոեմը վերլուծելիս, այնպես էլ այդ շրջանում բանաստեղծի «օրերն ու վաստակները» գնահատելիս։

Եվ սակայն, եթե ցանկանանք ավելի կոնկրետ նշել «Հառաչանքի» գրության ժամանակը, այն պետք է համարենք 1890 և նրան անմիջաբար հաջորդած տարիները։ Դա հիմք է տվել ներկա հրատարակության մեջ այդ ժամանակը համարելու 1890–ական թվականները։ Նման «անորոշությունը» պայմանավորված է նրանով, որ պոեմի վրա կատարած աշխատանքի ընթացքի մասին մենք ավելի կայուն տվյալներ չունենք։

Թումանյանի երկերի նախորդ գիտական հրատարակության մեջ «Հազարան բըլբուլի» սյուժետային ընթացքը և գեղարվեստական ամբողջականությունը գեթ մասամբ վերականգնելու նպատակով պոեմի ավարտված և հեղինակի կողմից տպագրված երկու գլուխներր («Երգչի վիշտը» և «Արեգը սև աշխարհքում») միահյուսվեցին պահպանված սևագիր հատվածների հետ։ Այդպես որոշ չափով վերստեղծվեց անավարտ հեքիաթ-պոեմի զարգացման ընթացքի պատկերացումը, և դա շատ կարևոր հիմք եղավ ստեղծագործության ըմբռնման և գնահատման ճանապարհին։ Այդ նույն սկզբունքն է ընդունված նաև ներկա հրատարակության մեջ։ Նպատակահարմար է պահպանել նաև նախորդ հրատարակության մեջ առաջարկված կրկնակի թվագրությունը՝ 1898-1914, քանի որ այդ տարեթվերի