Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/505

Այս էջը հաստատված է

ամենևին չի բացառում քնարական ձևերին և միջոցներին դիմելու հնարավորությունը, որը մենք տեսնում ենք Թումանյանի բոլոր պոեմներում՝ արտահայտված շատ բազմազան երանգներով: Էպիկական և լիրիկական սկզբունքները միշտ սերտորեն առնչվում են, լրացնում և հարստացնում են իրար։ Այսպես, նույնիսկ էպիկական շատ ցայտուն նկարագիր ունեցող այնպիսի պոեմներում, ինչպես «Թմկաբերդի առումը», «Սասունցի Դավիթը», «Հազարան բըլբուլը», լիրիկան հանդես է գալիս շատ որոշակիորեն` հերոսների կամ պատմողի խոսքի հուզական ուժեղ երանգների, հաճախ և ամբողջական հատվածների մեջ։ Իսկ ամենաքնարական պոեմներում, որպիսիք են «Դեպի Անհունը», «Պոետն ու Մուսան», երևում է Թումանյան պատմողը, կյանքի երևույթներն օբյեկտիվորեն տեսնելու և ներկայացնելու նրա անզուգական տաղանդը։

Սակայն Թումանյանի պոեմների մեծ մասն ավելի ճիշտ կլինի կոչել պարզապես քնարավիպական (լիրո-էպիկական)։ Այդպիսի բնույթ ունեն և՛ «գյուղական» հայտնի պոեմները՝ «Անուշը», «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Հառաչանքը», և՛ «Հին կռվի» պահպանված մասերը, և՛ վաղ շրջանում գրված ու անփոփոխ մնացած «Մեհրին», «Ալեքը», «Մերժած օրենքը»։ Այս երկերին, հատկապես մշակման բովով անցած պոեմներին բնորոշ է այն, որ նրանց մեջ քնարական սկիզբը, կարելի է ասել, դրված է օբյեկտիվ հիմքի վրա, բխում է ոչ այնքան բանաստեղծի վերաբերմունքից և գնահատականից, որքան հերոսների ներաշխարհի, նրանց ապրումների ուղղակի բացահայտումից։ Բավական է ասել, օրինակ, որ «Անուշի» տեքստի կեսից ավելին (856 տողից 486-ը) հերոսների ուղղակի խոսքն է՝ նրանց հուզական ինքնաբացահայտումները, որոնք մեծ մասամբ քնարական երգերի բնույթ ունեն։ Ուրիշ դեպքերում քնարական տարրը արտահայտվում է կա՛մ հերոսի ներքին խոսքի և ինքնազննումների ձևով («Լոռեցի Սաքոն»), կա՛մ պատմողի խոսքի կենդանի երանգներում («Հառաչանք», «Մարոն»), կա՛մ կերպարների երկխոսությունների ու հեղինակային շեղումների մեջ («Հին կռիվը») և այլն։

Պոեմներում ավելի, քան որևէ այլ ժանրի մեջ, երևան եկավ Թումանյանի նորարարությունը, բայց և նրա բազմակողմանի առնչությունները ազգային և միջազգային գրական ավանդույթների հետ։ Այս խնդրի պարզաբանման համար շատ կարևոր է բանաստեղծի վկայությունը 1902 թ. հոկտեմբերին (իր մի շարք պոեմների վրա մեծ լարվածությամբ աշխատելու շրջանում) Յուրի Վեսելովսկուն գրած նամակից։ Խոսելով դեռ դպրոցական տարիներից Պուշկինի և Լերմոնտովի նկատմամբ տածած բուռն սիրո, հատկապես նրանց կովկասյան պոեմների ու բանաստեղծությունների թողած ուժեղ տպավորության մասին, Թումանյանն ավելացնում էր. «Ես էլ, իբրև կովկասցի ու լեռնցի, սիրել եմ այդ երգերն ու պոեմները: Եվ, թեպետ լեռների սերն ու լեռնական կյանքի կարոտը ես ունեցել եմ իմ հոգում, բայց անշուշտ նրանք դրդել են ինձ ու տվել պոեմայի այն ձևը, որով գրել եմ ես, որովհետև մեր գրականության մեջ այդ տեսակ