Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/506

Այս էջը հաստատված է

պոեմ չի եղել, որ երգեր մեր բնությունը, ժողովրդի սովորություններն ու ավանդությունները» (ԵժV, 235—236)։

Ինչպես տեսնում ենք, և՛ իր պոեմների ազգային թեմատիկան՝ հայրենի եզերքի կյանքն ու բնությունը պատկերելու հանգամանքը, և՛ նրանց գեղարվեստական-ժանրային յուրահատկությունը Թումանյանը կապում է ռուս մեծ բանաստեղծների երկերից ստացած տպավորության հետ։ Եվ դա ոչ թե սուբյեկտիվ կամ պատահական դիտողություն էր, այլ գրական–պատմական որոշակի իրողության միանգամայն ճշգրիտ արձանագրում։ Թումանյանից առաջ հայ նոր գրականության մեջ կային, իհարկե, ժողովրդի կյանքի և բարքերի էպիկական պատկերման մի շարք օրինակներ` Աբովյանի «Վերքից» մինչև Պռոշյանի և Աղայանի ռեալիստական վիպական երկերը։ Դրանք, անշուշտ, ինչ-որ չափով հող ստեղծեցին Թումանյանի պոեմների երևան գալու համար: Չի կարելի մոռանալ նաև Ալիշանի, Պատկանյանի, Շահազիզի հայտնի փորձերը արդիական և պատմական թեմաներով պոեմներ ստեղծելու ուղղությամբ։ Սակայն այդ բոլոր բանաստեղծներն էլ պատկանում էին հայ նոր գրականության այն թևին, որ Թումանյանն անվանում էր «տարաշխարհիկ», «գաղութային»։ «Ճակատագրի քմահաճույքով,—գրում էր նրանց մասին Թումանյանը,—մեր բանաստեղծները ապրել ու երգել են խորթ ու հեռու մեր աշխարհից... և նրանց երգերի մեջ չկան ո՛չ մեր բնությունը, ո՛չ էլ մեր ժողովուրդը» (ԵժV, 233): Այդ պատճառով էլ նրանց երկերը չէին կարող օրինակ և տիպար լինել Թումանյանի համար իր առջև կանգնած դժվարին խնդրի՝ ռեալիստական պոեմի ստեղծման ճանապարհին։

Այդպիսի տիպար Թումանյանը գտավ ռուս բանաստեղծների կովկասյան հայտնի երկերում, որոնք նրա համար ոգևորիչ օրինակ եղան հարազատ ժողովրդի կյանքն ու բնությունը բանաստեղծական մեծ կտավի նյութ դարձնելու գործում։ Ճիշտ է, Պուշկինի և Լերմոնտովի կովկասյան պոեմները, ինչպես նաև Բայրոնի «Չայլդ Հարոլդն» ու «Շիլիոնի կալանավորը», որոնցով նույնպես շատ ոգևորված է եղել Թումանյանը գրական ուսումնառության տարիներին, պատկանում են այն ժանրային տիպաբանական ձևին, որը գրականության պատմության մեջ հայտնի է «ռոմանտիկական պոեմ» անունով։ Բայց նրանք օգնեցին հայ բանաստեղծին գրելու ռեալիստական պոեմներ հայ գյուղի և ընդհանրապես ազգային կյանքի հանգուցային խնդիրների մասին։ Թումանյանն ստեղծագործաբար ընկալեց և օգտագործեց ռոմանտիկական պոեմի ժանրային-կառուցվածքային հատկանիշները,— համեմատաբար ոչ մեծ ծավալի երկի մեջ զարգացող սյուժետային պատմություն հարստացված քնարական բազմազան միջոցներով։ Թումանյանն իր օրինակով հաստատեց, որ պոեմի այդ հատկանիշները միանգամայն կենսունակ են նաև ռեալիստական մեթոդի սահմաններում։ Դա հակասության կամ անհետևողականության արդյունք չէր, այլ հայ բանաստեղծի ժառանգած ավանդույթների հարստության, նրա ստեղծագործական աշխարհի ներքին բազմազանության ցուցանիշ։