Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/509

Այս էջը հաստատված է

արմատներով և զարգացման հեռանկարներով։ Թումանյանի բանաստեղծական էպոսը, որն անցյալում հիմք է տվել անվանելու նրան «հայկական Հոմերոս», թվում է նախաստեղծ բնության նման հինավուրց, բայց ամեն մի սերնդի առջև բացվում է իր նորոգվող գեղեցկությամբ ու հմայքով, իր բովանդակության նորանոր կողմերով։

Թումանյանի պոեմները պատկանում են հայ բազմադարյան գրականության բարձրագույն նվաճումների թվին։ Եվ այսօր էլ ամենևին չեն հնացել այն խորիմաստ գնահատականները, որ նրա բանաստեղծական էպոսին տվել են անցյալի նշանավոր գրական գործիչները։ Հիշենք դրանցից ևս երկուսը։ 1916 թ. Վ. Բրյուսովը հայ պոեզիայի մասին գրած իր հայտնի հոդվածում ասում էր. «Ուրիշ ժողովուրդների ընթերցողներին Թումանյանի պոեմները (օրինակ, «Անուշը») ավելի շատ բան են տալիս ժամանակակից Հայաստանը և նրա կյանքը ճանաչելու համար, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների ստվար հատորները»։ Իսկ Ավ. Իսահակյանը 1923 թ. Թումանյանի մահվան առթիվ գրած հոդվածում նրա «սքանչելի անմահ լեգենդներն ու պոեմներր» համարում էր «մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ բարձունքը, որից այն կողմ չի անցել մեր թռիչքը»։

Ժամանակը հաստատեց այդ գնահատականների պատմական և գեղագիտական ճշմարտացիությունը։