Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/510

Այս էջը հաստատված է

ՊՈԵՄՆԵՐ

ՄԱՐՈՆ

(էջ 7, 161)

Առաջին անգամ՝ ԲՄ II, էջ 136—146, այնուհետև՝ ԲԹ, էջ 83—90, ԲՊ, էջ 145—151։ Հետագայում տեղ է գտել ԵԺ II, 3—7 և հետմահու հրատարակված բազմաթիվ ժողովածուներում։

«Մարոն», ինչպես նշված է բանաստեղծի կենդանության ժամանակ եղած բոլոր երեք հրատարակություններում, գրվել է 1887 թ. և պետք է համարվի Թումանյանի ամենավաղ ստեղծված պոեմը։ Սակայն բանաստեղծի առաջին գրքում (ԲՄ I, 1890) այն տեղ չգտավ՝ ըստ երևույթին տպագրության համար դեռ լրիվ պատրաստ չլինելու պատճառով։ Ինքնագրերը չեն պահպանվել։

Պոեմի առաջին՝ 1892 թ. հրատարակությունը (ԲՄ II) ունի «Մարո (Գյուղացի մանկան պատմությունը)» վերնագիրը։ Երկրորդ տպագրության (ԲԹ) ժամանակ պոեմը ենթարկվել է կառուցվածքային և լեզվական էական վերամշակման (ավելորդ կենցաղային մանրամասների կրճատման հաշվին 204 տողի փոխարեն մնացել է 158, զգալիորեն պակասել են լեզվի բարբառային տարրերը, վերացվել տաղաչափական անհարթությունները)։ Սակայն պոեմի այս նոր տարբերակն էլ հետագայում չբավարարեց հեղինակին, և այդ է պատճառը, թերևս, որ այն չմտավ 1908 թ. ԲԲ ժողովածուի մեջ։

«Մարոյի» վերջնական տարբերակի մեջ (ԲՊ, դարձյալ 158 տող) 2-րդ գլխում կրճատվել է մի քանի տող, իսկ վերջում ավելացվել Մարոյի մոր ողբը («Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջան...» տողով սկսվող հատվածը՝ ընդամենը 8 տող)։ Ձգտելով ուժեղացնել գյուղաշխարհի մարդու բնական պատումի տպավորությունը, Թումանյանը պոեմի լեզվի մեջ մտցրել է նոր փոփոխություններ (հատկապես էս, էն ձևերն ու նրանցով կազմված բառերը)։

Ներկա հրատարակության մեջ իբրև հիմնական տեքստ տպագրվում է պոեմի վերջնական խմբագրությունը ԲՊ-ից։ Առաջին տպագրության տեքստը, նկատի ունենալով նրա զգալի տարբերությունները, տրվում է նույնպես ամբողջությամբ՝ տարբերակների բաժնում, իսկ ԲԹ-ի բնագրի շեղումները վերջնական խմբագրությունից տրվում են իբրև տեքստային