Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/515

Այս էջը հաստատված է

պոեմի նախերգանքը՝ սկզբից ևեթ ստեղծելով հերոսի հետագա զարգացմանը նպաստող բնական միջավայրի վառ պատկերացում։

Սակայն, ինչպես ցույց են տալիս պահպանված նյութերը, 1903 թ. հետո էլ Թումանյանը մտածել է պոեմը վերամշակելու և լրացնելու մասին։ Դա երևում է ԲԹ-ի մի օրինակի վրա հեղինակի մտցրած բազմաթիվ սևագիր լրացումներից ու ճշտումներից, որոնք նույնպես առաջին անգամ լրիվ ներկայացվում են սույն հրատարակության մեջ։ Այդ նյութերը ցույց են տալիս, որ շատ դեպքերում Թումանյանը ցանկացել է վերադառնալ պոեմի նախորդ տպագիր և անտիպ տարբերակներին՝ այնտեղից վերցնելով ամբողջ հատվածներ, կարծեք «ափսոսալով», որ ԲԹ-ում հրաժարվել է դրանցից։ Ավելացվում են մի շարք նոր հատվածներ՝ մեծ մասամբ հովվական կյանքի և կենցաղի պատկերներով։ Այդ հավելումների մեծ մասը ամփոփված է Գ ինքնագրում, ուր բանաստեղծր գրքի լուսանցքներից ճշտումներով արտագրել է պոեմի մեջ մտցվելիք նոր հատվածները։ Այդ հիման վրա սույն հրատարակության մեջ Գ ինքնագիրը զետեղված է ԲԹ-ի վրա կատարած ուղղումներից հետո։

Բանաստեղծի այս տատանումներն ու որոնումները որևէ վերջնական արդյունքի չհանգեցրին, և «Լոռեցի Սաքոյի» նոր ամբողջական տարբերակ չստեղծվեց։ ԲԲ-ում և ԲՊ-ում արտատպվեց ԲԹ-ի տեքստը՝ լեզվական ոչ մեծ փոփոխություններով (այս-ի և այն-ի փոխարեն՝ էս և էն)։

«Լոռեցի Սաքոյի» ստեղծագործական պատմության, նրա վրա կատարած աշխատանքի պատկերը մի շարք կողմերով դեռ լրիվ պարզաբանված չէ։ Այդ պատճառով էլ առաջադրվել են հաճախ տարբեր, իրար հակասող տեսակետներ (տե՛ս, մասնավորապես, Զ. Ավետիսյան. Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան, 1973, էջ 146—196։ Ս. Մելքոնյան. «Լոռեցի Սաքոն» պոեմի ստեղծագործական պատմության մի քանի հարցեր», ՍԳ, 1975, № 3, էջ 163—167):

Պոեմի առաջին և երկրորդ հրատարակությունների մեջ հեղինակը տողատակերում մի շարք ծանոթագրություններ է տվել` բացատրելով գյուղական կենցաղի և բարբառի հետ կապված բազմաթիվ հասկացություններ և բառեր: Սույն հրատարակության մեջ այդ բացատրությունները տրվում են համապատասխան տարբերակներից հետո՝ ըստ ծանոթագրվող բառերի և արտահայտությունների տողահամարների։

Ա ինքնագրի 95 տողը՝ «Ծաթերա քարի էն հարսի նըման», ակնարկում է Լոռու Ծաթերա սարում գտնվող քարը, որը նման է կովկիթը գլխին բռնած կնոջ։


ԱԼԵՔ

(էջ 25, 234)

Առաջին անգամ՝ ԲՄ I, էջ 42—54։ Դրանից հետո հայերեն այլևս ոչ մի անգամ չի արտատպվել՝ ոչ հեղինակի կենդանության ժամանակ, ոչ էլ