Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/519

Այս էջը հաստատված է

գաղտնիքը բացվել է մի երկու ամսից հետո»։ Տ. Փիրումյանին բանաստեղծը հայտնել է նաև, որ պոեմը «լավ չէ վերջանում և մտքումը դրել է անպատճառ փոխել, բայց թե ինչ է ուզում տեղը դնել՝ բնավ չգիտե...» (ԹԺՀ, 345):

Սակայն Թումանյանը ոչ այդ տարիներին և ոչ էլ հետո չվերամշակեց իր այս պոեմի վերջը կամ որևէ այլ մաս։ Բանաստեղծի հաջորդ ժողովածուների մեջ էլ «Մեհրին» տեղ չգտավ։ Պատճառն այն էր, որ, իր քաղաքական հրատապությամբ հանդերձ, պոեմը հենվում էր գերազանցապես գրքային տպավորությունների վրա, իսկ գեղարվեստական մշակման սկզբունքների առումով այն տիպիկ ռոմանտիկական գործ էր, որ իր որակով շուտով չէր բավարարելու ռեալիզմի դիրքերում հաստատված բանաստեղծին։ Կարևոր է նաև հետևյալ ստեղծագործական հանգամանքը։ «Մեհրիի» հետ միաժամանակ՝ նույն 1890 թ. Թումանյանն սկսեց աշխատել նաև հայ ժողովրդի արևմտյան հատվածի տառապանքի և ընդվզման մասին պատմող մի ուրիշ պոեմի վրա, որն ստացավ «Հին կռիվը» խորագիրը։ Ի տարբերություն «Մեհրիի», այս պոեմը հետագայում, մինչև կյանքի վերջն էլ մնաց Թումանյանի ստեղծագործական հետաքրքրության ոլորտում, մի քանի անգամ վերամշակվեց։ Իր պատկերացումներն ու մտորումներր արևմտահայության ճակատագրի վերաբերյալ նա արտահայտեց այդ ստեղծագործության միջոցով, և «Մեհրին» մի տեսակ «ավելորդ դարձավ»:

ԲՄ 1-ում «Մեհրի» պոեմի տողատակի հեղինակային ծանոթագրությունները սույն հրատարակության մեջ տրվում են տարբերակների բաժնում բացատրվող բառերի և արտահայտությունների տողահամարների նշումով:

ՄԵՐԺԱԾ ՕՐԵՆՔ

(էջ 51)

Գրել է 1890 թ.։

Առաջին անգամ՝ ԲՄ II, էջ 45-61, այնուհետև՝ Եժ II, 21-30: Ինքնագիրը չի պահպանվել։ Արտատպվում է ԲՄ II-ից։ Առաջին տպագրությունից հետո Թումանյանն այլևս չի անդրադարձել այս երկին և չի մտցրել իր նոր ժողովածուների մեջ։

«Մերժած օրենք» պոեմը երիտասարդ բանաստեղծի ստացած գրական և կենսական տպավորությունների յուրօրինակ խաչաձևման արդյունք էր։ Այստեղ շատ որոշակի է դասական գրականության՝ Բայրոնի և մանավանդ Լերմոնտովի ռոմանտիկական պոեզիայի, անհատի ազատության, նրա իրավունքների հաստատման մոտիվների ազդեցությունը։ Արդեն բանաստեղծի ժամանակակից քննադատությունը (օրինակ՝ Լեոն «Ռուսահայոց գրականություն» գրքում, Վենետիկ, 1904, էջ 85) նկատեց

</poem>|}}