Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/520

Այս էջը հաստատված է

Մ. Յու. Լերմոնտովի «Մծիրի» պոեմի գաղափարական պաթոսի, կենսական-հոգեբանական իրադրության և կերպավորման միջոցների ուղղակի արձագանքը «Մերժած օրենքի» մեջ (այդ ազգեցությունը հետագայում խոստովանել է նաև Թումանյանն իր զրույցների մեջ. տե՛ս Ն. Թումանյան, էջ 205)։ Լերմոնտովի և մասնավորապես «Մծիրիի» նկատմամբ պաշտամունքի հասնող սերը, որ սկսվել էր վաղ պատանեկան տարիներից, շուտով Թումանյանին մղեց թարգմանելու այգ պոեմը, որն առանձին գրքով լույս տեսավ 1896 թ.:

Սակայն «Մերժած օրենքը» ուներ նաև որոշակի կենսական ազդակներ, այն արձագանքում էր հայ երիտասարդության անելիքների վերաբերյալ դարավերջին ծագած վեճերին։ Պատահական չէ, անշուշտ, որ այդ շրջանի հայ գրականության մեջ հանդիպում են աշխարհիկ և վանական կյանքի հակադրությունն արծարծող մի շարք երկեր։ Այսպես, Թումանյանի պոեմի տպագրությունից երկու տարի առաջ ՄՃ ամսագրում (1890, 4) երևան եկավ ժամանակին ոչ անհայտ բանաստեղծ Արշալույս Մխիթարյանի «Աբեղա» փոքրիկ պոեմը, ուր պատկերված է համանման մի իրադրություն (երկընտրանք աշխարհիկ և վանական գործունեության միջև), որը, սակայն, լուծվում է ճիշտ հակառակ ոգով՝ մենաստանում երիտասարդ հերոսի փակվելով։ Տարիներ անց Արշ. Մխիթարյանը հրապարակեց նույն գաղափարական դիրքերից գրված մի ուրիշ պոեմ՝ «Քույր Հեղինե» վերնագրով (ՄՃ, 1904, № 4): 1898 թ. այդ ամսագրում տպագրվեց Լ. Շանթի «Դարձ» հոգեբանական վիպակը, ուր միևնույն կենսական հակադրությունը լուծվում էր «Մերժած օրենքին» հար և նման ոգով (սիրո ազդեցության տակ երիտասարդ հերոսի շրջադարձը վանական կյանքից դեպի աշխարհիկ գործունեության ասպարեզ)։ Այդ վիպակը ինչ-որ չափով նախապատրաստեց Լ. Շանթի լավագույն դրաման՝ անհատի հոգևոր և մարմնական ազատության թեման պատմական նյութի հիման վրա արծարծող «Հին աստվածները» (1909)։ Վերջապես, 1914 թ. լույս տեսավ Տիգրան Չյոկյուրյանի «Վանքը» վիպակը՝ իր ժամանակի արևմտահայ կյանքից քաղված մի երկ, որի հերոսը նույնպես վերջում խզում է իր կապերր ու հեռանում է վանական միջավայրից։

Այսպիսով, Թումանյանի «Մերժած օրենքը», սերտորեն կապված լինելով դասական գրական ավանդույթի հետ, իր հերթին սկիզբ դրեց մի թեմայի, որը որոշակի տեղ է գրավում XIX դարի վերջի և XX ղարի սկզբի հայ գրականության մեջ։

ՀԱՌԱՉԱՆՔ

(էջ 65, 239)

Թումանյանի այս անավարտ պոեմի հրապարակումը սույն հատորում բաղկացած է չորս մասից.