Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/527

Այս էջը հաստատված է

«Անուշի» վերջնական խմբագրության նախապատրաստման ընթացքում ստեղծված ինքնագրերը և սևագիր հատվածները պահվում են ԳԱԹ, ԹՖ, N 5ա-ե։ Մի քանի այլ նյութերի պահպանման տեղերը նշվում են համապատասխան հրապարակման մեջ։

«Անուշի» ստեղծագործական պատմությունը, հաճախ մեծ ընդհատումներով, ընդգրկում է ավելի քան երեք տասնամյակ (1890—1922): Այդ ընթացքում ստեղծվել են պոեմի ավարտուն և անավարտ, տպագիր և ձեռագիր մի քանի տարբերակ, բազմաթիվ սևագիր հատվածներ, որոնց միայն մի մասն է պահպանվել։ Այդ բոլոր նյութերը, ըստ հնարավորին լրիվ, հավաքված են սույն հատորի տարբերակների բաժնում։

Առաջին հիշատակությունը «Անուշի» մասին երևան է գալիս 1890 թ. հուլիսի 6-ին Անուշավան Աբովյանին հղած նամակում, ուր բանաստեղծը գրել է. «Իմ տետրակն արդեն ուղարկված է Մոսկվա տպագրելու... Հետո քեզ կուղարկեմ իմ նոր գրածներից (տետրակից հետո), ի թիվս այլոց և մի պոեմա «Անուշ» վերնագրով, Լոռու կյանքից» (Եժ V, 17)։ Սա հիմք է տալիս ասելու, որ «Անուշը» գրվել է այդ ժամանակ տպագրության պատրաստվող ԲՄ I ժողովածուի գործերն ամփոփող «տետրակից հետո», ուրեմն 1890 թ. աոաջին կեսին, և այդ պատճառով էլ չի մտել այդ գրքի մեջ։

«Անուշի», իբրև արդեն ավարտված ստեղծագործության, մասին հիշատակություն կա նույն Ան. Աբովյանին հասցեագրած 1890 թ. նոյեմբերի 1-ի նամակում, ուր հայտնվում է նաև, թե այդ պոեմը «մի անուշ ընկերոջ անվան է նվիրված» (այսինքն՝ Անուշավան Աբովյանին.-V, 82)։ Մի քանի ամիս անց՝ 1891 թ. փետրվարի 8-ին Թաւմանյանն ընկերոջը հայտնում է. «Անուշը», որ իմ մյուս պոեմաներից մեծ է և հաջողված, գուցե հանձնեմ «Մուրճ»-ին. ի՞նչ կասես։ «Անուշի» նախերգանքը, որ ձոն է մի ընկերոջ, որին նվիրված է «Անուշը», ուզում էի այստեղ գրել, բայց տեղ չկա. հետո» (Եժ V, 42): Վերջապես, 1891 թ. մարտի 2-ի նամակում, անդրադառնալով պոեմի ձեռագիրն ընկերոջը ուղարկելու իր խոստմանը, բանաստեղծն ավելացնում է. «...Ահա կատարում եմ. բայց այստեղ ես միմիայն պոեմի հառաջաբանը կամ այն ձոնը կգրեմ, որով դիմում եմ այն ընկերիս, որին նվիրված է «Անուշը»։ Գուցե «Անուշը» ապրիլին տամ Մուրճիոսին, եթե չպահեմ II հատորի համար։ Առայժմ խմբագրատանը կարդացի և ուզեցին ինձանից «Մերժած օրենք» փոքրիկ պոեման... «Անուշը» 5 թերթ է ամբողջ. այնպես որ իմ բոլոր պոեմաներից մեծ է» (Եժ V, 46—47)։ Նույն նամակում մեջ են բերվում պոեմի ձոնը (տե՛ս սույն հրատ. 1-ին հատորում) և առաջին երկու փոքրիկ գլուխները։

«Անուշ» պոեմը «Մուրճ» ամսագրում չտպագրվեց։ Թերևս ինքը՝ Թումանյանն է հետ կանգնել այդ մտադրությունից, հետևելով Ան. Աբովյանի խորհրդին, որը 1891 թ. մարտի 12-ին բանաստեղծին գրել էր. «Անուշ» պոեմայիդ սկզբի գլուխներից փոքր ի շատե մի հավանական գաղափար կազմելով, եթե ինձ կլսես, խորհուրդ չեմ տալ «Մուրճի» կամ մի այլ ամսագրի