պոեմը գրելուց հետո, երբ տպվելիս է եղել, գրել է ու կցել պոեմին» (Ն. Թումանյան, էջ 222):
Այս և բազմաթիվ ուրիշ փոփոխություններից հետո պոեմն ստացավ իր կառուցվածքի վերջնական տեսքը, այն կազմված է նախերգանքից, վեց երգից և 29 գլխից՝ համարակալված հռոմեական թվերով։ Հետագայում (ընդհուպ մինչև 1922 թվականը) պոեմի մեջ կատարվեցին լեզվական մասնավոր ուղղումներ և ճշտումներ, ավելացան մի քանի նոր հատվածներ (ընդամենը 54 տող, որով տողերի ընդհանուր քանակը հասավ 856-ի), սակայն հիշյալ կառուցվածքը մնաց անփոփոխ։
«Անուշի» առաջին (1892) և երկրորդ (1903) տպագրությունների միջև ընկած տասնամյակը Թումանյանի ստեղծագործական բուռն հասունացման, ժողովրդայնության և ռեալիզմի սկզբունքների համակողմանի խորացման ու հարստացման շրջան էր, և դա ըստ ամենայնի արտահայտվեց պոեմի նոր տարբերակի մեջ։ Պահպանելով դեպքերի նույն սյուժետային ընթացքը գյուղական երիտասարդների դժբախտ սիրո և կործանման մասին, Թումանյանը կերտեց կենսական-հոգեբանական և գաղափարական շատ ավելի խոր բովանդակություն ունեցող մի երկ, որն իր մեջ խտացնում է բանաստեղծի աշխարհայացքի, գեղարվեստական մեթոդի և վարպետության լավագույն կողմերը։ Կատարված փոփոխությունները հանգում են հետևյալին.
1) Լիովին հանվել են առաջին տարբերակի ծավալի մոտ կեսը կազմող սկզբի 318 տողերը, որոնք ամբողջովին կազմված էին հայրենիքի անցյալի և ներկայի, նրա մարդկանց և բնության, հայրենակիցների կյանքի ու սովորույթների մասին բավական երկար խորհրդածություններից։ Դրա փոխարեն բոլորովին նոր են գրվել պոեմի նախերգանքը, 1-ին և 2-րդ երգերը, որոնք նախորդում են հարսանիքի տեսարանին։
2) Պոեմի 3, 4, 5-րդ երգերը, որոնք պատմում են գյուղական հարսանիքի և նրա ժամանակ հերոսների միջև ծագած հակամարտության, սիրահարների փախուստի արյունալի վրեժի մասին, սյուժետային առումով համընկնում էն նախնական տարբերակի 319-677 տողերին։ Սակայն այս մասերում ևս կատարվել են բազմաթիվ հավելումներ, կրճատումներ, կան մեծ թվով փոփոխված բառեր ու արտահայտություններ, և, ընդհանուր առմամբ, շատ քիչ հատվածներ են նույնը մնացել։
3) Ամբողջովին նոր Է գրված նաև եզրափակիչ 8-րդ երգը` խելագարված Անուշի ողբի և մահվան պատմությունը (պոեմի առաջին տարբերակի հետ ուղղակի կապված Է միայն 28-րդ գլխի «Անլըռելի վըշվըշում Է Պղտոր ջուրը Դեբեդի...» սկսվածքն ունեցող հատվածը, բայց այստեղ Էլ 16 տողից 7-ը բոլորովին նոր Է գրվել)։
4) Պոեմի վերամշակված տարբերակում Էապես մեծացել Է հերոսների խոսքի (երկխոսություններ, երգեր) տեսակարար կշիռը, և, ընդհակառակը, շատ Է կրճատվել հեղինակային պատմության և քնարական շեղումների թիվը։ Այսպես, եթե առաջին տարբերակում գործող անձանց խոսքը