Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/532

Այս էջը հաստատված է

կազմում էր ընդամենը 34 տող, ապա վերջնական տեքստում այն հասնում է 436-ի (այսինքն՝ պոեմի ծավալի կեսից ավելին): Եթե 1892 թ. տպագրվածի մեջ հեղինակային շեղումներն ու խորհրդածությունները կազմում են ծավալի մոտ կեսը, ապա 1903 թ. տարբերակում դրանք հանդես են գալիս միայն պոեմի սկզբում՝ ընդամենը 42 տող (41-88):

5) Ելնելով գրական լեզվի ժողովրդայնացման իր սկզբունքներից, Թումանյանը 1903 թ. և մանավանդ հետագա խմբագրությունների մեջ հետևողականորեն ուժեղացրել է լեզվի ժողովրդական տարրերը։ Այդ փոփոխությունը երևում Է ինչպես պոեմի բառապաշարի, այնպես Էլ շարահյուսական ձևերի և ընդհանրապես ստեղծագործության ոճի մեջ:

Պոեմի 1903 թ. տպագրությունից հետո, մոտ քսան տարվա ընթացքում, ինչպես արդեն ասվեց, «Անուշն» ունեցել Է նա յոթ հրատարակություն, որոնք իրականացվել են հեղինակի որոշակի մասնակցությամբ և կրում են նրա աշխատանքի հետքերը: Ստորև տրվում է այդ հրատարակությունների մեջ մտցված փոփոխությունների սեղմ բնութագիրը.

1) 1904 թ. առանձին հրատարակության մեջ Թումանյանն ավելացրել Է հինգ նոր հատված (ընդամենը 26 տող), սրանք համընկնում են վերջնական խմբագրության 272-277 (Դե հանի՛ր, ա՛ղջի...»), 540-543 («Մնաց հանդերում։ Եվ ահա մի օր...»), 668-671 («Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած...»), 692-698 («Կարմիր արևից ընկած, Սարո ջա՜ն...») և 700-707 («Սըգվոր գետը՝ Ծեր Դեբեդը...») տողերին։ Այդ հավելումներից երկուսը (668-671 և 700-707 տողեր) եղել են դեռևս պոեմի առաջին՝ 1892 թ. տպագրության մեջ, բայց դուրս են մնացել 1903 թ. տարբերակից:

1904 թ. հրատարակության մեջ Թումանյանը տողատակերում տվել է բարբառային մի շարք բառերի բացատրությունը՝ պոեմի ընկալումն ընթերցող լայն շրջանների կողմից հեշտացնելու նպատակով։

2) «Անուշի» 1908 թ. հրատարակության մեջ (ԲԲ) Թումանյանն ինչ-ինչ պատճառով հրաժարվել է հիշյալ հավելումներից (բացի 273-277 տողերից) և կրճատել Է չորս տող (262-265, «Համբարձում, յա՛յյա...»)։ Մի շարք տողերում կատարվել են առանձին բառերի ուղղումներ (տե՛ս բնագրային տարբերությունները)։

3) 1909 և 1914 թթ. պոեմը զետեղվել Է «Հայ գրողներ, Ա. Ռուսահայ գրողներ» դասագրքում, որը Ղ. Աղայանի, Ա. Ահարանյանի և Վրթ. Փափազյանի հետ միասին կազմել Է Հովհ. Թումանյանը: Դասագրքի երկու հրատարակություններում «Անուշի» տեքստը բացարձակորեն նույնն Է։ Այն հիմնականում կրկնում Է նախորդ՝ ԲԲ բնագիրը (բացառությամբ մի երկու բառի փոփոխության)։ Սակայն այստեղ հեղինակը ձգտել Է ազատվել պոեմի նախորդ տպագրություններում առկա լեզվական որոշ երկվությունից (այս-Էս, այն-էն և այլն) և ամենուրեք այ երկհնչյունը փախարինել է է (ե) ձայնավորով (էս, էն, հեր, մեր, ձեն և այլն)։