Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/541

Այս էջը հաստատված է

կարողացել քնել, զարթեցրել է մայրիկին։ Հայրիկը պոեմի երկրորդ մասը ոչնչացրել է, առաջին մասը կրճատել է, վերջացրել կրոնական երգերով ու մի քանի տնով պոեմը փակել՝ ի վնաս գործի ամբողջության» (Ն. Թումանյան, էջ 174, 232):

Թեև նույն աղբյուրներից իմանում ենք, որ հետագայում Թումանյանը շատ է ափսոսացել պոեմի երկրորդ մասը ոչնչացնելու և երկն անավարտ թողնելու համար, որ դրանով հայ գրականությունը զրկվել է «իր մի քանի ակնհայտ ուժեղ էջերից» և այլն, սակայն բանաստեղծի մտցրած փոփոխությունները բխում էին միանգամայն ճիշտ և առողջ գեղագիտաական ըմբռնումներից։ Բարեկամների և հենց իր ունեցած ծանր ապրումները համոզեցին բանաստեղծին, որ կենդանի թաղված մարդու տառապանքների նկարագրությունը ճնշող և ջլատիչ ազդեցություն կգործեր ընթերցողի հոգեբանության վրա, կներշնչեր հուսահատական տրամադրություններ։ Դա կտաներ դեպի նատուրալիստական տպավորություն, որը խորթ է իսկական արվեստի կոչմանը։ Այդ պատճառով Թումանյանը կտրուկ կերպով հրաժարվեց ստեղծագործության երկրորդ մասից` կենդանի թաղվածի սարսափելի ճակատագրի նկարագրությունից, և պոեմին տվեց ավելի լայն փիլիսոփայական բնույթ։ Վերջնական տարբերակի մեջ «Դեպի Անհունի» բովանդակության հիմքը դարձավ կյանքի և մահվան մեծ առեղծվածը, մարդու և բնության, ժամանակի և հավերժության փոխհարաբերության հարցերը, որոնք պոեմում լուծվում են տարերային պանթեիստական փիլիսոփայության դիրքերից։ Այս և ուրիշ գծերով «Դեպի Անհունը», իրոք, դարձավ Թումանյանի ստեղծագործության կենտրոնական հանգույցներից մեկը, ուր միավորվում և բարձր համադրությամբ արտահայտվում են նրա փիլիսոփայական և գեղագիտական ըմբռնումների կարևորագույն կողմերը։

Պոեմի «փոքրացված», բայց և գաղափարական-գեղարվեստական շատ ավելի լայն ընդգրկումների հասցված տարբերակը գոյացավ արդեն նոր դարի սկզբին՝ «Բանաստեղծությունների» 1903 թ. ժողովածուն պատրաստելիս։ «Մուրճ» ամսագրում տպագրվելուց հետո Թումանյանը նրա առանձնատիպի վրա մի քանի ոչ մեծ փոփոխություններ է մտցնում (տե՛ս տարբերակների բաժինը), որոնք տեղ գտան ԲԹ-ում։ Թումանյանը ցանկացել է նաև պոեմին կցել հատուկ չափածո նախերգանք՝ «Անմահությանը» վերնագրով, բայց ի վերջո հրաժարվել է այդ մտքից։ «Մուրճի» առանձնատիպին կցված այդ նախերգանքը, իբրև ինքնուրույն բանաստեղծություն, զետեղված է նույն հրատարակության առաջին հատորի մեջ: 1903 թ. հետո պոեմն այլևս որևէ փոփոխություն չի կրել, եթե չհաշվենք ՀԳ դասագրքի տեքստում մտցրած մի քանի ոճական շտկումները։

Այս հատորի տարբերակների բաժնում հրապարակվում են պոեմի այն բոլոր սևագիր մասերը, որոնք հասել են մեզ։ Ինչպես երևում է այդ նյութերից, Թումանյանը ոչնչացրել է պոեմի երկրորդ մասի մաքրագիր և ավարտուն տարբերակը, իսկ շատ սևագիր անավարտ տարբերակներ,