Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/542

Այս էջը հաստատված է

բարեբախտաբար, պահպանվել են և կարող են որոշ պատկերացում տալ կորած մասերի վերաբերյալ։ Սևագիր տարբերակները հարուստ նյութ են տալիս պոեմի ստեղծագործական պատմության պարզաբանման համար, ցուցադրում են այն հսկայական աշխատանքը, որ տարիների րնթացքում կատարվել է ստեղծագործության սյուժեի և պատկերային համակարգի, նրա կենսական և փիլիսոփայական բովանդակության կատարելագործման համար։ Այդ նյութերը ներկա հրատարակության մեջ ներկայացվում են երեք բաժնով.

ա) «Կենդանի թաղվածը (լեթարգիա)» վերնագրով սևագիր հատվածը (ավելի քան 200 տող՝ բազմաթիվ մշակումներով), որն իր բովանդակությամբ համապատասխանում է նախնական տարբերակի առաջին մասին։

բ) Համեմատաբար ամբողջական մի սևագիր տարբերակ (մոտ 400 տող՝ բազմաթիվ մշակումներով), որը եղել է պոեմի երկրորդ մասի ստեղծման նախնական աստիճաններից մեկը։

գ) «Հատվածներ պոեմից» ընդհանուր վերնագրի տակ հրապարակվում են ավելի քան 500 սևագիր տող իրենց տարբերակներով։ Տրվում է ընդամենը 12 հատված, որոնք համարակալված ու դասավորված են ըստ բովանդակության։ Դրանցից առաջին տասը նույն հերթականությամբ ժամանակին հրապարակել է Արամ Ինճիկյանը (ՈԻՀ 2), մյուս երկուսը ավելացվել են սույն հատորը կազմողների կողմից։ Իրենց բովանդակությամբ այդ հատվածները վերաբերում են ստեղծագործության բոլոր մասերին։ Յուրաքանչյուր հատված ունի տողերի առանձին համարակալում։

Պոեմի սևագիր տարբերակները հրապարակվում են ըստ պահվող ինքնագրերի։ Նախորդ հրապարակումների համեմատությամբ մտցվել են բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ և ընթերցման ճշտումներ։

«Դեպի Անհունի» սևագիր հատվածների, ինչպես նաև նրանց և վերջնական տարբերակի միջև կան մի շարք համընկնող տողեր և նույնիսկ մասեր։ Սակայն դրանք ընդհանուր առմամբ շատ ավելի քիչ են, քան տարբերվող մասերը, և դա ուրույն արժեք ու հետաքրքրություն է հաղորդում հատվածներից ամեն մեկին։ Այդ հանգամանքը ցույց է տալիս նաև, թե ինչպիսի համառ ու երկարատև ստեղծագործական աշխատանքի ճանապարհ է անցել պոեմը՝ մինչև վերջնական խմբագրությանը հասնելը։

Չափածո հատվածներից հետո առանձին բաժնում հավաքված արձակ գրառումները հրապարակվում են առաջին անգամ։

ՊՈԵՏՆ ՈԻ ՄՈԻՍԱՆ

(էջ 127, 414)

Առաջին անգամ՝ «Վտակ» գրական-բանասիրական ժողովածուի մեջ (խմբագրությամբ Վրթ. Փափազյանի, Թիֆլիս, 1901, էջ 64-80), «Պոետն