Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/546

Այս էջը հաստատված է


Սակայն «Վտակի» մեջ զետեղված տարբերակն էլ շուտով արդեն չբավարարեց հեղինակին։ Կազմելով իր չափածո երկերի նոր ժողովածուն (ԲԹ), բանաստեղծը նորից զգալի փոփոխություններ մտցրեց պոեմի մեջ` կրճատելով մոտ 200 տող, ավելացնելով մի քանի ոչ մեծ հատվածներ, հղկելով որոշ տողեր։ Այս բոլորի շնորհիվ ստեղծագործությունը դարձավ շատ ավելի հավաք ու նպատակասլաց։ Հետագայում, պոեմը տեղագրելով ՀԳ մեջ, Թումանյանը կատարել Է միայն առանձին տողերի շտկումներ, բայց էական փոփոխություններ այլևս չի մտցրել։

Այսպիսով, մեզ հասած տվյալների հիման վրա կարելի է առանձնացնել պոեմի երեք հիմնական տարբերակ` չհաշված ստեղծագործական աշխատանքի միջանկյալ օղակները.

ա) «Վտակ» ժողովածուի համար նախապես ուղարկված տարբերակը՝ «Պոետն ու Մուսան (նվեր հայոց գրողներին)» վերտառությամբ, որը մեզ հասել է այդ գրքի համապատասխան էջերի պահպանված փորձատիպի ձևով։ Պոեմի այդ տարբերակն ուներ 609 տող։

բ) «Վտակ» ժողովածուի մեջ տպագրված նոր խմբագրությունը` «Պոետն ու Մուզան (հատված)» վերտառությամբ, որը կազմված է 548 տողից։

գ) ԲԹ ժողովածուի մեջ և ՀԳ դասագրքում տեղ գտած վերջնական խմբագրությունը, որը նախորդից տարբերվում է հիմնականում մտցված զգալի կրճատումներով և պարունակում է ընդամենը 382 տող։

Սույն հրատարակության մեջ այդ տարբերակները և մյուս նյութերը ներկայացվում են հետևյալ կարգով.

Իբրև հիմնական բնագիր, ինչպես արդեն նշվեց, տրվում է երրորդ տարբերակը՝ ՀԳ խմբագրությամբ (ԲԹ տարբերությունները ցույց են տրվում առանձին)։

Տարբերակների բաժնում, նախ, տրվում է «Վտակ» ժողովածուի բնագիրն ամբողջությամբ (երկրորդ տարբերակ), որը թեև շատ ընդհանրություններ ունի ԲԹ և ՀԳ տեքստերի հետ, բայց և ունի կառուցվածքային և ոճական զգալի տարբերություններ, վերջնական խմբագրության մեջ չմտած հատվածներ։ Դրանից հետո տրվում է «Վտակի» փորձատիպի խմբագրությունը (առաջին տարբերակ), սակայն ոչ թե ամբողջությամբ, այլ միայն այն հատվածներր, որոնք չեն մտել ժողովածուի վերջնական խմբագրության մեջ կամ էական շեղումներ ունեն նրանից։ Առանձին վերնագրի տակ նկարագրվում են նաև «Վտակի» փորձատիպի վրա կատարված բոլոր հավելումներն ու կրճատումները, ուղղումներն ու մշակման մյուս աշխատանքները։

Բացի «Պոետն ու Մուսայի» հիշյալ երեք հիմնական տարբերակներից, մեզ հասել են նաև պոեմի մի քանի թերի ինքնագրեր, հատվածներ և գրառումներ, որոնք նույնպես հրապարակվում են սույն հատորում: Առանձին է ներկայացվում Ա ինքնագիրը, իբրև համեմատաբար ամբողջական (բացակայում են միայն պոեմի առաջին էջերը), իսկ սևագիր