Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/548

Այս էջը հաստատված է


140 Որ գրեցի մեծիս պարսավ — Թումանյանն ակնարկում է ինքնակենսագրական այն փաստը, որ 1892 թ. կոնսիստորիայից իր հեռացվելու առիթ էր եղել թեմական առաջնորդ Մամբրե եպ. Սանասարյանի և մյուս հոգևորականների դեմ պարսավալիք բանաստեղծություններ գրելը («Չարամիտներին», «Դարձյալ նրանք», «Ազդ (Պահպանողականներին)» և այն)։

147 Հայտնի կանտոր ընկա շուտով — Այս և հաջորդ տողերում խոսվում է իբրև Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակչական ընկերության գրասենյակապետ աշխատելու մասին։ Այդ պաշտոնից, որ Թումանյանը վարել է 1892 թ. մարտից մինչև 1893 թ. հոկտեմբեր, նա ազատվել է իր դիմումի համաձայն։ 1905 թ. գրած «Ինքնակենսագրության» մեջ, ի մի բերելով իր անհաջող պաշտոնավարությունները, բանաստեղծը գրել է. «Ծառայության եմ մտել մի քանի տեղ, այն ամեն տեղ էլ չեն հավանել, այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղի՛ղն եմ ասել» (ԵԺ IV, 88):

164 Տերտերության տըվին խորհուրդ — Այս և հաջորդ տողերի կենսագրական հիմքը քահանա ձեռնադրվելու խորհուրդներն են, որ 90-ական թթ. բարեկամները հաճախ տվել են Թումանյանին` նրան տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու նպատակով։

191 Ու գընացի խըմբագրություն — Այս տողով սկսվող հատվածում (մինչև 215 տողը) բանաստեղծը նկատի ունի «Մուրճ» ամսագիրը (սկսել է հրատարակվել 1889-ից) և նրա խմբագիր Ավետիք Արասխանյանին։

217 Դուրս եկավ էսպես մի նոր երգարան — Խոսքը վերաբերում է Թումանյանի անդրանիկ գրքին («Բանաստեղծություններ», առաջին հատոր), որը լույս տեսավ 1890 թ. աշնանը Մոսկվայում։

218 Այնժամ մըտրակող մի թունդ պուբլիցիստ — Նկատի ունի «Մշակի» աշխատակից Խ. Մալումյանի (Ազ-լեր) «Ակնարկներ. X» հոդվածը թերթի 1890 թ. N 138-ում, որի մեջ կոպիտ ծաղրի ենթարկվեց բանաստեղծների նոր սերունդը, նրանց հետ նաև Թումանյանը։ Սակայն պոեմի այս և հաջորդ տողերում (218-235, 280-297 և այլն) երգիծական միջոցներով ներկայացվում է ընդհանրապես «Մշակի» գրական քաղաքականությունը՝ սկսած թերթի խմբագիր Գր. Արծրունուց, որը 1891 թ. օգոստոսի 13-ին (N 90) տպագրած ֆելիետոնում (Ասիացի ստորագրությամբ) խիստ քննադատել ու ծաղրել էր Թումանյանի «Կուրծքըս երբեմն եռ է գալիս ու հուզվում...» բանաստեղծությունը։ Պոեմում «մտրակող» քննադատների անունից ասված խոսքերը՝ նոր բանաստեղծության «անիմաստ» լինելու, հին և նոր պոետների բացարձակ անհամատեղելիության, կամ «ով սովից մեռել՝ նա՛ է լավ գրել» անհեթեթ սկզբունքի մասին, գրեթե բառացի համընկնում են «Մշակի» մի շարք գրական ելույթների հետ (տե՛ս էդ. Ջրբաշյան, Թումանյանի պոեմները, 2-րդ հրատ., 1986, Էջ. 254-257):

245 Ավրորա — Հռոմեական դիցաբանության մեջ արշալույսի աստվածուհին (համապատասխանում Է հունական Էոսին), որն ամեն առավոտ վեր է կենում օվկիանոսից և լույս է պարգևում աշխարհին: