Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/551

Այս էջը հաստատված է


իր դարակից տարել են «մի քանի մանր ոտանավոր» և «երկու հատ էլ պոեմա, սևագրություն «Մեհրի» և նոր «Դարձ» անունով պոեմա, որ չկա»: Պահպանված ձեռագիրը, հավանաբար, պոեմի նախնական սևագիր և անավարտ տարբերակն է, իսկ մաքրագիր (գուցե և ավարտված) օրինակը կորել է։

«Դարձը» որոշ ինքնակենսագրական փաստերի, տպավորությունների և հիշողությունների հիման վրա գրված ստեղծագործություն է, որի մեջ փորձ է արվում վերստեղծելու ժամանակակից երիտասարդ մարդու հավաքական կերպարը։ Անավարտ պոեմում շարադրված շատ փաստեր՝ մանկական հիշողությունները, ծերերի պատմածները, գավառում (Ջալալօղլի) սովորելու և ապա մեծ քաղաք (Թիֆլիս) տեղափոխվելու պատմությունը, նույնիսկ առաջին բանաստեղծության («Հոգուս հատոր, սրտիս կտոր...») հիշատակությունը և այլն, դրված են սեփական հուշերի հիման վրա։

Պոեմի հերոս Սուրենը, անշուշտ, բանաստեղծի «ալթեր էգոն» է։ Հետաքրքիր է, որ այդ անունն է կրում նաև 1890-ական թվականների սկզբին դրած «Դեպի հայրենիք» անավարտ վիպակի, ինչպես նաև արձակ և դրամատիկական մի քանի հատվածների (<Սուրենը>, «Խավարի մեջ», «Խնջույքից հետո» և այլն) գլխավոր հերոսը։ Ամենուր Սուրենը հանդես է գալիս իբրև ժամանակի առաջավոր երիտասարդության ներկայացուցիչ, ժողովրդասիրական գաղափարներով տոգորված հերոս։ Ավելացնենք, որ պատանի Թումանյանին Սուրեն անունով է հանդես բերել նաև Անուշավան Աբովյանը իր «Լևոնի հեքիաթը» հուշագրական գրքում, որը լույս տեսավ 1917 թ.։ Մի քանի տարի անց «Իմ հուշատետրը» ձեռագրում նա այդ մասին վկայել է. «Էս աշխատությունը գրի առնելուց առաջ հարկավոր եմ համարում հայտնել, որ «Լևոնի հեքիաթը» գրքույկիս վերջին գլուխների մեջ հիշված պատանի Սուրենը մեր հռչակավոր բանաստեղծ Թումանյանն է, որի մասին ավելի երկար եմ խոսելու սույն հատորում, մեջ բերելով նրա 19 հատ նամակները» (ԳԱԹ, ԲՖ, N 711):

Այս սևագիր և անավարտ պոեմն ընդհատվում է հերոսի հոգևոր հասունացման բուն սկզբում, և դժվար է ասել, թե սյուժետային և գաղափարական ի՛նչ զարգացում էր ունենալու ստեղծագործությունը։ Սակայն «Դարձ» վերնագիրը հուշում է, որ շարունակության մեջ պատկերվելու էր այն հոգեբանական շրջադարձր, որ կատարում է հերոսը քաղաքից դեպի գյուղաշխարհ, դեպի ժողովրդի հոգսերի ու կարիքների ըմբռնում և ամոքում։ Դա այն շրջադարձն է, որի մասին «Խավարի մեջ» դրամատիկական հատվածի հերոս Սուրենն ասում է. «Հա՛, այնտեղից եկել եմ այստեղ… Կգործեմ ձեր մեջ, — ինչ որ սովորել եմ, գիտեմ, փոխանակ քաղաքում իզուր մաշելու, այստեղ գործ կդնեմ ձեր մեջ, եթե ինձ համար չլինեմ, կապրեմ գոնե ձեզ համար, գոնե ձեզ օգուտ տված կլինեմ» (ԵԺ III, 442)։

Այոպիսով, «Դարձը» երիտասարդ Թումանյանի գաղափարական և գեղարվեստական որոնումների շղթայի հետաքրքիր օղակներից մեկն է։

Ինչպես երևում է ինքնագրից, նրա որոշ հատվածներ արձակ