Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/66

Այս էջը հաստատված է
Աբեղան

Սակայն չէ՞ որ մեզ այս լեռ քարերի
Ճգնության համար չըստեղծեց աստված։
Իմ օրերն այստեղ տխուր են անցնում․
Վառվում է սրտումս հուրը կենսական,
Ի՞նչու եք նրան դուք զոռով հանգցնում
Մահաշունչ գրկում խուլ առանձնության․
Կարոտ է հոգիս, թռչում է հրաթև,
Այս մենաստանի բարձըր պարսպից,
200 Չեմ կարող մնալ ես այսուհետև,
Եվ երբեք, մինչդեռ զրկված եմ կյանքից…

Վանահայրը

Այստեղ է կյանքը, այս սուրբ հարկի տակ․
Աղոթի՛ր, ճգնի՛ր, կըգտնես որդյակ։

Աբեղան

Չէ՛, չեմ գտնում, հայր, աղոթքների մեջ
Եվ ոչ հոգեբուխ մեղեդիների,
Դարձյալ մնում է նա սաստիկ մի տենչ,
Մի տենչ անկատար, անհասանելի,
Սարսափում եմ ես.― մոտ է վտանգը―
Իմ մահն ինձանից մոտիկ է, մոտիկ․
210 Այստեղ չեմ գտնում մխիթարանքը,
Որով շնչում են, ապրում են մարդիկ։

Վանահայրը

Ուրեմն չըկա, ինչ որ ուզում ես,
Եվ այդ ցնորք է, կամ փորձությունով
Նզովյալ չարը խարբալում է քեզ
Հոգի կործանող յուր պատրանքներով։

60