Նրանցից մեկը, որ այնքան ազատ
Ապրում են իրանց ցանկություններով,
Որ աղոթում են ուրախ սրտերով…
Ինչո՞ւ համար է իմ աղթոքն այստեղ,
270
Ո՞ր մեղավորին կըտանե եդեմ…
Ինչո՞ւ համար եմ չարչարվում անմեղ,
Եվ եթե այսպես ես այնտեղ մեռնեմ,
Ձեզ կամ աստըծուն ի՞նչ շահ իմ մահից…
Ուզում եմ ապրել․ հա՜յր․ կյանք տվեք ինձ…
Վանահայրը
Կյանք տալը նրա ձեռքին է, որդի,
Մարդս ի՞նչ կաներ, որ շատ էլ ուզեր,
Բայց ասա՛, տեսնենք իղձը քո սրտի―
Ի՞նչ ես կամենում։
Աբեղան
Մի աղջկա սեր…
Վանահայրը
280
Պապանձվի՛ր, ո՛վ լիրբ, աչքիցս հեռացի՛ր,
Մի' ապականիր և մեր աղոթքը,
Շուտո՛վ, հեռացի՛ր, կամ գետինն անցիր,
Չըպղծի տաճարի սյամը քո ոտքը։
Քո սրտին արդեն տիրել է չարը,
Հեռացի՛ր, աստծո բարկությունը տար,
Որ չըկործանե և այս տաճարը
Քեզ հասանելի պատուհասն արդար։
Կամ ապաշխարիր պահքով, աղոթքով,
Հեռու հալածիր դիվական կիրքը,
290
Էլ այդպիսի բան չանցնի քո մտքով…
Շու՛տ, առանձնացի՛ր, կարդա սուրբ գիրքը։