Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր։
— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
30
Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։
Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։
Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
40
Ալիքները պաղպաջուն։
ԱՌԱՋԻՆ ԵՐԳ
I
Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փըռած տիրաբար՝
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն։
Ուր որ հայրենի օջախի առաջ
Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նըստած՝
Խոսում են Լոռու հին-հին քաջերից։