(Անուշը մենակ)
Ա՜խ, իմ բախտը կանչում է ինձ,
Չեմ հասկանում՝ դեպի ուր…
Դողում է պաղ նըրա ձենից
Իմ սիրտը սև ու տըխուր։
350
Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք,
Թաքուն մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն է արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր։
Ա՜խ, ծաղիկներն էս աշխարհքում
Տանջվում են միշտ էսպես զուր,
Տըրորվում են ու թառամում՝
Սիրտները սև ու տըխուր։
(Խումբը հեռվից)
Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
360
Վառ ցավեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։
ԵՐՐՈՐԴ ԵՐԳ
XII
Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։
Ու պարից հետո լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան։