(Ծերը՝ ամպերից)
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, խիզախ տըղա. այն ճամփեն ես դու փընտրում,
Նեղ, քարքարոտ էն շավիղը, որ թաքչում է ամպերում.
«Անդարձ» է այն ճամփի անունն, ով որ ընկավ էն ճամփան,
Կորած է նա հավիտյան.
Ճամփեն մին է, ցավը հազար,— հազար տեսակ տառապանք
350
Բռնած են այն դժար ճամփեն ու մաշում են ամեն կյանք։
Սարեր կան էն ճամփեն կապած, թըռչունը չի անց կենում,
Խոր անդունդներ, որ նայելիս, մարդու աչք է սևանում.
Հուր անապատ, որ անցնելու ամբողջ կյանքըդ չի հերիք,
Ամեն քայլում դև ու հըրեշ, ամեն կողմից փոթորիկ․․․
— Ի՛նչ են դևեր ու հըրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի,
Եվ իմ ճամփեն ոչ փոթորիկ, ոչ տառապանք կըկապի.
Սով, նեղություն չեմ հասկանում, չեմ էլ հոգում էդ մասին,
Ո՞ւմ է պակսել մի կըտոր հաց էս աշխարհքի երեսին։
Եվ ինձ այնպե՛ս հեշտ է թվում «անդարձ» ճամփեն էն քարոտ,
360
Եվ այն աշխարհքն այնպես հեշտին ու էն հավքը այնքան մո՜տ․․․
— Ո՛վ հավիտյան անձնապաստան ու մոլորված դուք մարդիկ։
Հեշտ է թըվում միշտ ցանկալին ու սիրածը՝ միշտ մոտիկ․․․
Հեշտ է միայն ցրնորքի մեջ, որ սըրտին է մոտ թվում,
Բայց չի կարող ոտքը հասնել, ուր որ սիրտն է թափառում։
Մեղք ես, կտրիճ, ինչո՞ւ ես քո մահի ետև ման գալի․
Դարձիր, գընա քո աշխարհքը, քու հոր տունը շեն ու լի,