Յոթը ագահ գըլուխ ունի,
Միջի գըլխին պիտ զարկես,
Ու չես կրկնիլ զարկըդ նորից,
Ինքն էլ խնդրի թեկուզ քեզ։
Լսի՜ր, ահա գալիս է նա
Անպարտելի ու խավար․․․
Գընա՛, կըտրիճ, իսկ ես էստեղ
450
Աղոթում եմ քեզ համար․․․
Սև աշխարհքը էլ ավելի մութը կոխեց ակնակիր.
Դևի ձենից զարհուրելի դողաց երկինքն ու երկիր։
Եկավ Սև Դևն, ինչպես սև ամպ, հուր ու կըրակ շաղ տալով,
Եկավ անհուն կատաղությամբ, ինչպես պըրծած մի սև ծով։
Դեռ շատ հեռվից նա նըշմարեց իր թըշնամուն լուսավոր,
Ու հեռավոր մութի միջից խուլ որոտաց ամպագոռ։
Սև դևը
Ո՞վ ես խիզախ դու հողածին,
Ի՞նչպես մըտար իմ հողը դու,
Ո՞նց չի հասել քո ականջին
460
Գոնե անունն իմ ահարկու։
Միթե աչքով դու չըտեսա՞ր
Գյուղ ու քաղաք ողջ ամայի.
Մարդ եմ կերել հազար հազար,
Քեզնից էլ քաջ ու վիթխարի։
Իսկ դու ո՞վ ես, չընչին մարդուկ,
Որ կռիվ ես գալիս իմ դեմ.
Ասա տեսնեմ, որ իմանամ՝
Ինչ հիմարի պիտի ուտեմ։
Ցույց տուր տեսնեմ՝ ի՞նչ ունիս դու,
470
Տե՜ս, ես ունեմ յոթր գըլուխ․․․
Գոռաց հըրեշն էն ահարկու,
Արձակելով կըրակ ու ծուխ։