Եվ մեր սիրելի եղբայրը կըրկին
Այն պաղ, անդալար հողումն է թաղված,
Ու գըլխի վերև անբաժան կախված
Բըռնակալներին վայել հուշարձան՝
Եղբորըս կըրած ու թողած շըղթան։
VI
Իսկ մեր ծաղիկը, փոքրը մեզանից,
Ամենքից սիրվածն իր ծընված ժամից,
120
Իր սիրուն դեմքով մեր մոր պատկերը,
Մեր գերդաստանի մանկական սերը,
Նահատակ մեր հոր ցնորքը նվիրական
Եվ իմ հոգսերի վերջին առարկան,
Որի համար միայն ինձ պահում էի,
Որ նըրան ազատ գեթ մի օր տայի.
Նա, որ դեռ հոգին պահել էր այնպես
Տակավին զըվարթ, գուցե առերես,
Նա էլ խորտակվեց, օրեցօր և նա՛
Սկըսավ թոշնել ցողունի վըրա։
130
Բայց այնքա՜ն խաղաղ էր նա թառամում,
Լո՜ւռ, մեղմիկ հալվում, ուժերը քամվում,
Առանց արցունքի, քնքույշ ու բարի…
Ինձ համար էր միայն հոգում ու ցավում…
Եվ ոչ մի տըրտունջ, մի «ա՜խ» չարավ նա
Իրեն վաղաժամ օրհասի վըրա։
Մի փոքըր խոսեց մեր լավ օրերից.
Մի քիչ ըսփոփեց, հույսեր տըվավ ինձ,
Քանզի ես անհուն վըշտից քարացել,
Կորուստիս առջև լուռ էի կացել.
140
Ապա թառանչը, որ զըսպում էր նա,
Արդեն երկարեց, նըվազեց ահա…
Ականջ դըրի ես… չէր լսվում իսպառ,
Ձայն տըվի նըրան ահից խելագար…
Կանչեցի… կարծես մի ձայն լըսեցի…