Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/140

Այս էջը հաստատված է

Բըլուրներ տեսա, ուր կանաչ ծառեր,
Ինչպես շուրջպարի բըռնած եղբայրներ,
Չորս կողմից դալար պըսակ կապելով
Շըշընջում էին թարմ խըմբակներով։
    150 Տեսա դեզերը մըռայլ ժայռերի,
Երբ բաժանում էր վըտակը նրանց,
Նրանց մտքերը հասկանում էի,—
Վերնիցն էր այն շնորհքն ինձ տրված։
Վաղու՜ց, շատ վաղուց օդում տարածված
Այն քարե գրկերն ամեն մի վայրկյան
Փափագում են լուռ իրար հանդիպման,
Բայց օրեր անցնում, տարիք են անցնում,
Ու նրանք երբե՛ք իրար չեն հասնում..․
Բարձըր լեռների շարքեր տեսա ես
160 Վեհ, հըրաշալի ցընորքների պես,
Երբ արշալույսի ժամին վաղորդյան
Նրանց գըլխները սեղանի նըման
Ծըխում են հանդարտ կապույտ երկնքում,
Ու ամպը ամպի ետևից ձըգվում,
Թողնելով գաղտնի իր օթևանը,
Ինչպես տարագնաց ըսպիտակ հավքի
Հեռու կողմերից չըվող երամը
Ուղղում է իր չուն կողմն արևելքի։
    Անոսր մշուշի արանքից, հեռվում,
170 Գոհարի նըման փայլող ձյուներում,
Տեսա ալևոր Կովկասն անսասան.
Եվ ես չըգիտեմ թե ընչիցն էր այն,
Բայց թեթևացավ սիրտս նույն ժամայն.
Ըսկսեց գաղտնի մի ձայն ինձ ասել,
Թե երբեմն այնտեղ ապրել եմ ես էլ․..
Ու հետըզհետե բացվեցավ խավար
Անցյալն իմ մտքում պալծա՜ռ ու պայծա՜ռ․․․

VII

    «Եվ ես հիշեցի մեր տունն հայրական,
Հիշեցի մեր ձորն ու իր շըրջական