Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/144

Այս էջը հաստատված է

Ոռնում էր ներքև ջուրը փրփըրած.
Այնտեղ է տանում ժայռը իջնելով,
Բայց չարը մենակ իջավ նրանով.
280 Երբոր երկնքի բարձրից գահավեժ,
Կորավ ստորին էն մութ վեհի մեջ։

XI

    «Ծաղկում էր շուրջըս եդեմն Արարչի.
Զըվարթ ու դալար զարդը կանաչի
Պահպանում էր դեռ արցունքն երկնային.
Եվ խոպոպները խաղողի որթի
Ծառերի միջով գալարվում էին
Պճնած կանաչով քնքույշ սաղարթի.
Իսկ նրանց վրա ճոխ կախված էին,
Ինչպես ականջի գինդեր թանկագին,
290 Լիք ողկույզները, և մերթ նրանց մոտ
Թըռչում էր հավքի երամը երկչոտ։
Ու նորից գետնին կըպա ես մին էլ
Նորից սկըսա ես ականջ դընել
Այն օտարոտի թովիչ ձայներին.
Նրանք թփից թուփ ծըլվըլում էին
Ու խոսում էին կարծես միասին
Երկնքի֊երկրի գաղտնիքի մասին։
Այնտեղ բնության ձայները բոլոր
Միացած էին։ Այն հանդիսավոր
800 Փառաբանության երգի ժամանակ
Մարդու գոռ ձայներ չէր լսվում մենակ։
Ինչ որ այն ժամին զգում էի ես,
Անհետացել են մտքերս այն բոլոր,
Բայց կուզենայի պատմել նրանց քեզ,
Որ գոնե մտքով ապրեմ նորից նոր։
Այն առավոտը կամարն երկնքի
Այնքան էր հստակ, որ հըրեշտակի
Ճախրը սուր աչքը տեսնել կարող էր.
Այնքա՜ն թափանցիկ ու այնքան խոր էր,