Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/147

Այս էջը հաստատված է

Հարթ կըտուրի վրայից մեկի
Ծուխըն ելնում էր կապուտակ։
Ես տեսնում եմ այժմ էլ, ասես,
Ինչպես նըրա դուռը բացվեց
Ու կամացուկ փակվեց դարձյալ․․․
— Դու՛, ես գիտեմ, չես հասկանալ
380 Իմ տխրությունն, իմ վիշտն անհաս.
Եվ կըցավեմ թե հասկանաս,
Թող հիշատակն այն վայրկենի
Ինձ հետ, իմ մեջ մընա — մեռնի։

XIV

    «Հոգնած գիշերվա նեղություններից
Ընկա ստվերում։ Շուտով սփոփիչ
Քունը աչքերըս փակեց ակամա
Եվ ես մյուս անգամ երազում տեսա
Չըքնաղ պատկերը այն վըրացուհու,
Եվ մի անսովոր, դյուրեկան թախիծ
390 Անուշիկ ճմլեց իմ սիրտը նորից։
Ճիգ էի անում, որ մի շունչ քաշեմ,
Հանկարծ արթնացա։ Արդեն երկնքում
Փայլում էր լուսինն, ու մենակ մի ամպ
Սողում էր նրա ետևից թաքուն,
Բաց արած իրեն գիրկն ագահությամբ.
Կարծես թե իրեն որսը լիներ էն։
Լուռ էր ու խավար աշխարք համորեն.
Գագաթները միայն ձյունոտ սարերի,
Ինչպես արծաթյա ծոպեր ահռելի,
400 Պըսպղում էին առաջիս— հեռվում,
Հեղեղատը խուլ ճողփում ափերում։
Ծանոթ խրճիթում մերթ պայծառ վառվում՝
Ու մերթ հանգչում էր աղոտ մի կըրակ։
Այնպես է հանգչում գիշեր ժամանակ
Պայծառ աստղիկը երկնքում փայլող։