Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/148

Այս էջը հաստատված է

Ես ուզում էի․․․ բայց չէի կարող
Ես այնտեղ մտնել։ Ես այն ժամանակ
Հոգումս ունեի լոկ մի նպատակ—
Հասնել հայրենիք, ու համբերեցի
410 Քաղցի, ծարավի, որքան կարացի։
Եվ ահա անձայն ու երկչոտ ընկա
             Ես ուղիղ ճամփա։
Բայց շատ չքաշեց, անտառի խորքում
Սարերը դարձյալ աչքիցըս ընկան,
Ու ըսկսեցի կորցընել ճամփան։

XV

     «Անզուսպ կատաղած երբեմըն իզուր
Պոկ էի տալի ես հուսակըտուր
Իրար խըճըճված բաղեղ ու մացառ.
Շուրջըս անտառ էր, անեզըր անտառ,
420 Հետզհետե խոր, խիտ ու ահռելի.
Եվ բազմությունով սև֊սև աչքերի
Գիշերվա մութը հետևում էր ինձ
Ամեն մի թըփի, ճյուղի արանքից։
Գըլուխս սկսավ արդեն պըտըտել.
Ծառեր բարձրացա, ուզեցի դիտել,
Բայց մինչև անգամ երկնի եզերքում
Նույն ժանիքավոր անտառն էր ձգվում։
Այնժամ հուսահատ վայր ընկա կըրկին,
Հեկեկում էի, լալիս դառնագին
430 Ու հողի խոնավ կուրծքն էի կրծում.
Արտասուքներըս վայր էին հոսում
Նըրա երեսին տաք ցողի նրման․․․
Բայց հոժար չէի մարդոց օգնության.
Խորթ էին ընդմիշտ ինձ համար մարդիկ։
Եվ եթե հանկարծ կարճատև մի ճիչ
Ինձ դավաճաներ, գիտցիր, ծերունի՛,
Լեզուս արմատից պետք է պոկեի։