Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/181

Այս էջը հաստատված է

Դեպի սարերն էն մեծ դաշտի,
Մեծ քարհանքի Ժայռը Կարմիր։

Ու զենքերով, զըրահներով,
Նախշուն, ինչպես աշնան տերև,
Ինչպես երկինք առավոտյան,
Էնտեղ, դաշտում, նրանք կանգնած
Նայում են խեթ իրար վըրա,
Աչքերի մեջ ատելություն,
190 Սըրտերի մեջ դարևոր քեն,
Արյան ծարավ պապենական։

Գիտչի֊Մանիտոն՝ հըզորը,
Արարիչը մարդկան ազգի,
Նայեց նրանց կարեկցաբար։
Իր հայրական սիրով նայեց
Նրանց կըռվին ու պայքարին,
Ինչպես իրեն անխելք ու խակ
Մանուկների կըռվի վըրա։

Ու տարածեց իր աջ ձեռքը՝
200 Մեղմի նրանց բընույթը կոշտ,
Մեղմի տապը, ծարավն անհագ
Իրեն աջի հովանու տակ։
Խոսեց խրոխտ ու վեհ ձայնով,
Էն ջըրերի աղմուկի պես,
Որ թնդում են խոր անդընդում,
Խըրատելով, նախատելով
Էսպես խոսեց ազգերի հետ.

— Ո՜վ իմ որդիք, իմ հե՜գ որդիք,
Ականջ դըրեք իմաստության,
210 Ականջ դըրեք խրատներին
Ձեր արարիչ, ձեր ստեղծող
Հզոր Ոգու շըրթունքներից։
Տըվի ես ձեզ ամեն բարիք.