Քեզ ուղիղ սըրտով եկել եմ ծառա.
Չեմ վախում դաշտում հազար թաթարից,
Չեմ վախում, թեկուզ մյուս հազարն էլ գա,
Չեմ փախչիլ, թող գա երրորդ հազարն էլ․
Ու օգնության էլ հարկավոր չեն ինձ
Երեսուն ագռավն իրենց ճուտերով։
Ով էր— չիմացավ իշխանը հյուրին։
— Ուսկի՞ց ես, ո՛վ քաջ, ի՞նչ ազգ ու տակից,
30
Քեզ ի՞նչ անունով կանչենք, մեծարենք,
Կամ ի՞նչ հայրական կոչումով հարգենք։
— Նիկիտան եմ ես Զաոլեշանին։
— Ո՛վ, դու Նիկիտա Զաոլեշանին,
Ե՛կ, նըստի, մեզ հետ հաց անուշ արա,
Մի տեղ կա դատարկ էնտեղ, ներքևում,
Սեղանի ծերին, բազմոցի վերջին.
Բըռնած են ուրիշ տեղերը բոլոր։
Ու, կըռներն ընկած, մարդիկն իշխանի
Տարան Իլիային ծերը ներքևի,
40
Նըստեցրին էնտեղ՝ ներքևի ծերին։
Ու էսպես խոսեց Իլիան ներքևից.
— Ով դու Վլադիմիր, մայր Կիևի տեր,
Վայել չի ուժին, ոչ աստիճանին
Տեղն ու պատիվը, որ տալիս ես դու.
Ինքըդ նըստում ես ագռավների հետ,
Ինձ տեղ ես տալի ճուտերի կողքի՞ն։
Ասավ, կամեցավ տեղը դըրըստի—
Ջարդոտեց շուրջը կաղնի բազմոցներ,
Ոլորեց բիրերն ամբողջ երկաթի,
50
Սեղմեց հյուրերին անկյունը վերին։
Դուր չեկավ էս բանն Արև իշխանին.
Տեղիցը առույգ ելավ նա ոտի,
Մըթնեց աշունքվա գիշերի նըման,
Մըռընչաց, ինչպես կատաղի գազան։
— Ի՜նչպես, Նիկիտա Զաոլեշանին,
Խառնես տեղերը դու իմ սահմանա՜ծ,
Ծըռես բիրերը համայն երկաթի՜․․․