Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/191

Այս էջը հաստատված է

    Դուրս եկավ Նիկիտն ապա սրահից,
Դըռները զարկեց՝ շրջանակն ընկավ,
Դարպասը զարկեց՝ սյուները թըռան,
Ջարդ-փշուր եղան ճաղերը քաշած։
    Իշխանը մըտավ ետևը փեչի։
Սամուր մուշտակը քաշեց իր գըլխին,
— Վա՜յ, կամա՜ց, տղե՛ք, ժաժ չըգաք տեղից
100 Չըլըսի Նիկիտ Զաոլեշանին,
Թե չէ ետ կըգա ջարդ֊փշուր կանի.
Ոչ մեծ կըթողնի, ոչ փոքըր մեզնից,
Ժառանգ չի թողնիլ ինձ՝ Վլադիմիրիս․․․
    Դուրս եկավ Իլիան դարպասն ընդարձակ
Ու լարեց ճայթուն իր աղեղը զիլ,
Սուր, մըխած նետը դըրավ աղեղում,
Էսպես ինքն իրեն խոսեց նետի հետ.
— Սըլացի՛ր, իմ նետ, տանիքը ոսկի,
Վեր բեր ոսկեզօծ գըմբեթները ցա՜ծ։
    110 Ընկան ոսկեզօծ գըմբեթները ցա՜ծ,
Ու կանչեց Իլիան կոկորդովը մին.
— Հե՜յ, դուք կաբակի մերկ ու տըկլորներ,
Հե՜յ, կամավորներ Արև իշխանի,
Վաղեցե՛ք, եկե՛ք դարպասն իշխանի,
Առե՛ք ոսկեզօծ գըմբեթները թանկ,
Կըրեցե՛ք, տարե՛ք կաբակն արքունի,
Արաղ խըմեցեք էնտեղ կուշտ ու պինդ։
    Վազեցին, եկան տըկլորներն ամեն,
Կամավորները Արև իշխանի,
120 Տարան, կըրեցին գըմբեթներն ոսկի,
— Ո՜վ դու մեր պաշտպան, մեր ծնող, մեր հայր․․․
    Ու Իլիայի հետ ելան, գընացին,
Խըմեցին բոլոր գըմբեթներն ոսկի,
Խըմեցին մինչև վերջինը միասին։
Ու երկյուղ ընկավ սիրտները էստեղ.
Ի՞նչ կանի մեզ հետ իշխանը հիմի,
Ի՞նչ պատիժ կըտա, ով գիտի, հիմի,