Ողջույն է տալի ընդունված կարգով,
Երկըրպագում է չորս կողմը խոնարհ,
270
Արև իշխանին ու տիկնոջն էլ ջոկ։
Վեր կացավ իսկույն իշխանը առույգ,
Առավ Իլիայի ճերմակ ձեռներից,
Համբուրեց նըրա շըրթունքը շաքար,
Ապա թե էսպես խոսեց շողոմքոր.
— Ո՜վ դու ծերունի, Իլիա Մուրոմցի,
Ցած եղավ թեպետ քու տեղն ամենից,
Այժըմ ամենից վերև կըլինի։
Հե՜յ, դուք ծառաներ իմ հավատարիմ,
Տարեք ծերունուն բա՜րձըր ամենից։
280
Բայց նա չընստեց ամենից վերև,
Գընաց ու նըստեց մեջտեղն ամենի,
Հետը նստեցրեց մերկ տըկլորներին
Ու էսպես դարձավ Արև իշխանին.
— Ո՜վ դու Վլադիմիր, մայր Կիևի տեր,
Լավ ես իմացել՝ ում ղըրկես ինձ մոտ.
Չըլներ Դոբրինիան՝ իմ ախպերացուն,
Չէի լըսելու էստեղ ոչ ոքի,
Ու մըտքումս արդեն դըրել էի ես
Լարել էս ճայթուն իմ աղեղը զիլ
290
Արձակել դեպի սրահըդ շքեղ,
Սպանել և քեզ, իշխան Վլադիմիր,
Եվ քու տիկնոջը՝ քու Ապրակսիային։
Բայց էս անգամը աստված քեզ ների
Քու էդ հանցանքը, էդ հանցանքը մեծ։
Էստեղ անուշներ բերին հյուրերին,
Քաղցըր մեղրաջուր խըմիչքներ բերին,
Բերին ամենին դըրին մի֊մի թաս
Ու էսպես խոսեց Իլիան իշխանին.
— Ա՛յ դու Վլադիմիր, մայր Կիևի տեր,
300
Սըրանո՞վ ես դու պատվում հյուրերիս,
Սըրանո՞վ ես դու հարգանք ցույց տալի,
Էս տըկլորներին միայն մի֊մի թա՛ս․․․