Ինչքան հեշտ թըռավ գլուխն արաբի,
Ասես գլուխ չէր ունեցել իսկի։
Ապա թե հանեց թուրը հավլունի,
Ողջ ծառաներին հընձեց խոտի պես,
Քառասուն հոգուց չորսին թող արավ.
Որ գընան անցնեն աշխարհքից աշխարհք,
210
Իր ու արաբի պատմությունն անեն։
Բակի շուրջ շարած գլուխներն առավ,
Առքով ու փառքով թաղեց հողի մեջ,
Որ ցին ու ագռավ չգան, չկըտցեն,
Նըրանց փոխարեն՝ արաբի մարդկանց
Գլխները զարկեց, շարեց բակի շուրջ,
Ու տիրեց գանձին արաբի դիզած։
Չորս արաբին էլ որ թողեց, կենդան,
Չորս կողմի վըրա ղըրկեց աշխարհքի,
Որ, գընան, անցնեն դաշտը Կոսովի,
220
Պատմեն ու Էսպես կանչեն ամեն տեղ.
— Որտեղ որ հասած աղջիկ կա տան մեջ
Արձակ֊համարձակ թող մարդու գընա,
Ու թող պըսակվեն սերբերը ազատ.
Վերացա՜վ, ջընջվեց հարկը պըսակի,
Մարկոն վըճարեց ամենքի համար։