Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/229

Այս էջը հաստատված է



ՀԱՎԵԼՎԱԾ

ՇՈԹԱ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ ՌՈՍՏԵՎԱՆԻ ԵՎ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՄՐՑՈԻԹՅՈՒՆԸ

Ա

Չափիցը դուրս մեծ էր ու առատ Արաբստանի Ռոստևան թագավորը։ Բախտավոր էլ ծերացավ ու ծերության օրերում զգաց, որ ժամանակն է երկրի կառավարությունը ջահել ձեռքերի հանձնելու։ Բայց արու զավակ չուներ. ունեցածը մի մինուճար աղջիկ էր, մի շատ իմաստուն ու գեղեցիկ աղջիկ՝ Թինաթինա անունով։ Մի օր էլ կանչում է թագավորն իր մեծամեծներին ու է՛սպես է խոսում նրանց հետ։ Ասում է.

Անց են կացել իմ տարիքը,
Ծերությունով հիվանդ եմ ես.
Ծերությունը ծանըր ցավ է,
էլ ի՞նչ ասեմ, հայտնի է ձեզ։
էսօր չըլնի, էգուց ըլնի,
Մահը կյանքըս կըգողանա.
Ո՞վ է մնացել էս աշխարհքում,
Եվ կամ թե ո՞վ պիտի մնա։
Հիմիկ ևեթ եկեք անենք
Իմ աղջկանը մեզ թագավոր.
Մի տեղ որ նա երևում է
էլ արևը չի հարկավոր։