Մեծամեծները աշխատում են թագավորին համոզեն, որ էսպես չանի, բայց չի աջողվում ու Ռոստևանը հավաքում է ժողովրդին ու իր աղջկանը հռչակում է թագավոր։
Եկան բոլոր արաբները,
Եկան զորքն ու զենքը սարքին.
Աստղի կտոր Ավթանդիլը
Գլուխ կանգնած ամբողջ զորքին։
Հավատարիմ ծառան Սոկրատ
Էր արքայի ավան֊չավան,
էնպես մի գահ նա պատրաստեց,
Որ աշխարհքբ կացավ հավան։
Ծիծաղում է Ռոստևանը,
Իր աղջըկան մեջտեղ բերավ,
Նստեցրեց ու իրեն ձեռով
Թագը նրա գլխին դըրավ։
Արքայական գավազանը
Հերն աղջըկա ձեռն էր տալի,
Ճոխ ծիրանին փափուկ ուսին
Շատ արմաղան սազ Էր գալի։
Թագավորն ու իրան զորքը
Ետ կանգնելով գլուխ վեր բերին,
Օրհնանքներով բազմեցնելով
Գահի վրա պատիվ արին։
Թըմբուկ զարկին, ծնծղաները
Անուշ֊անուշ ձեն են տալի,
Բայց աղջիկը լաց Է լինում,
Թուխ մազերը ժաժ են գալի։
Իրեն արժան չի համարում,
Որ հորական գահն ունենա,
Արտասուքը, որ թափում Էր,
Մի վարդանոց կըջրեր նա։
— Մի՛ լաց լինի, ինչ որ ասեմ,
Լսի՛ր, աղջիկս, ալևորիս.
Էս օրվանից արաբների
Դու թագուհին պիտի լինիս։
|
|