Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/232

Այս էջը հաստատված է

Սուփրի շուրջը նստողները
Իրենց մեջը զրույց արին,
Թե՝ ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց
Մեր ալևոր թագավորին․․․

Ու իրենց մեջ Էլ վճռում են, թե թագավորի մտքովը մի չար բան Է անց կացել, որ առանց հայտնի պատճառի հանկարծ տխրեց։ Նրա որդեգիր Ավթանդիլ սպարապետն ու սիրելի նախարար Սոկրատը ուզում են միտքն իմանան։

Երկուսն ևեթ թասեր առած,
Գինով լիքը պեծպըծալի,
Շատ հարգևոր արարմունքով
Ռոստևանի մոտ են գալի։

Մոտ են գալի։ նախարարը կատակ Է անում ու ափսոսում, թե ինչո՞ւ Ռոստևան իր թագավորությունը տվավ աղջըկանը և անդառնալի զրկվեց և՛ թագից ու փառքից, և՛ Էնքան հարստությունից ու չեղած տեղից ցավ ու վիշտ ստեղծեց իր համար։ Թագավորը մի քիչ զարմանում Է, մի քիչ Էլ նեղանում, որ իրեն հետ Էսպես կատակ են անում, ու ասում Է.

— ՉԷ՛, աչքի լույս, գլխի չընկար.
Էտ բեռը ես հեշտ կըտանեմ,
Բայց թե մի ցավ սիրտս Է մտել,
Ու չըգիտեմ թե ինչ անեմ։
Խըփըշտեցի ինչպես մի ձու
Իմ արմաղան գարնան օրեր,
Ծերությունը սրտիս մեջը
Բուն Է դրել ինչպես մի վեր։
Ծերե ի ծեր Արաբըստան,
Ինչ որ հիմի կա իմ ճանկը,
Էլ մարդ չըկա, որ գիտենա
Կռիվ տալու կարգն ու հանգը։
Ազիզ մազիզ մեծացրել եմ
Մի հատ աղջիկ դոշիս կըպած,
Չեմ ունեցել տըղա զավակ,
Կուչ եմ եկել սիրտըս խըփած։