Գալիս են անթիվ անհամար գազան,
Ոռնոց, մռընչյուն ու խառնակ ձայներ․․․
Որը տուն ընկավ ու որը խանութ,[1]
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
250
Եկավ Դավիթը, կանգնեց մեյդանում,
— Վա՛հ, էս մարդիկը ինչ վաղ են քընում։
Հե՛յ կովատեր, հե՛յ գոմշատեր,
Ելեք շուտով, բացեք դըռներ,
Ով մինն ուներ տասն եմ բերել,
Ով տասն ուներ— քըսանն արել․․․
Շուտով ելեք, եկեք տարեք,
[Ձեր եզն ու կով] գոմերն արեք։[2]
[Ո՞վ է խելագար, ինչքան էլ որ քաջ
Դուռը բաց անի գազանի առաջ]։
260
Տեսավ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնվեց քաղքի մեյդանում։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՛ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր ապրանքն ու մալ թող մընան անտեր,[3]
Էլ ոչ կով կուզենք, ոչ գոմեշ ու եզ,
Միայն թե սրանից ազատ արա մեզ.[4]
Թե չէ էս քաղքին փորձանք կըբերի,
Գայլերոց կանի, կըտա կավերի։
270
Վեր կացավ գնաց Օհանը Դավթին.