Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս…
Քու հերն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
590
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Դու եկել ես, ա՛յ խենթ ու ծուռ,
Ինձնից կուզես Էշ ու շամփո՜ւր…
— Ամա՛ն, նանի՛, չեմ լըսել դեռ։
Ո՜ւր են հիմի իմ հոր զենքեր։
— Հորեղբորըդ գընա հարցուր.
Ո՞ւր են, ասա, հանի՛ր, բեր, տուր։
Բան Է, թե որ չըտա սիրով,
600
Աչքը հանիր՝ խըլիր զոռով։
XIX
Դավիթ գընաց հորեղբոր մոտ.
— Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ,
Իմ հերն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Կըտաս— բեր տուր…
610
— Վա՜յ, Դավիթ ջա՜ն,
Ահից գոռաց Ձենով Օհան.
Քու հոր մահվան տարուց—օրից
Դուրս չեմ հանել ձին ախոռից,
Ոչ սընդուկից Թուր-Կայծակին,
Զըրահ շապիկ, ոսկի գոտին…
Ինձ թող, ամա՜ն, մի՛ սպանիր,
Կուզես—հըրեն, գընա հանի՛ր։