Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/373

Այս էջը հաստատված է

պատանի, ուշքն ու միտքը[1] միշտ աղջիկների, ծաղիկների ու աստղերի հետ։ Կանչում է իր որդիներին։ Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում։

Ասում է.

— Ա՛լ որդիք, տեսնում եք, մեր տերության զարդն ու փառքը փչացավ և միակ ճարն ու հնարը Հազարան Բլբուլն է, որ ապրում է կախարդական աշխարհքում։ Ես արդեն ծերացել եմ, ուժից ընկել, մի ոտս գերեզմանումն է, կտրիճ տղերք եք, ձեր նժույգները նստեցէք, ձեր զենքերն առեք, գնացեք [տեսեք] կախարդական աշխարհքը, Հազարան Բլբուլն գտեք, բերեք [որ] մեր այգումը երգի, որ նորից փուշը վարդ դառնա, գազանը՝ մարդ․․․[2]

Ասում է. մեծ տղեն ու միջնեկ տղեն ձի են նստում, ճամփա ընկնում [դեպի կախարդական աշխարհ]։ Պուճուր տղեն էլ է ուզում գնա, չեն թողնում։ Բայց չի լինում. ինչ անում են, չեն անում, չեն կարողանում ետ պահեն, սա էլ վեր է կենում, նրանց ետևից գնում։

Ո՞րտեղ ես, կախարդական աշխարհք, քեզ ենք գալի։

Գնո՜ւմ են, գնո՜ւմ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ իրանք կիմանային, գնում են հասնում մի տեղ, որ երեք ճամփա բաժանվում են, մինը՝ մեծ, մինը՝ միջնեկ, մինն էլ՝ նեղ. ճամփաբաժանումն էլ նստած մի ալևոր մարդ։

Առաջ մեծ ախպերն է հասնում։ Ոչ բարով է տալիս ալևորին[3], ոչ ուշք է դարձնում, ոչ բան է հարցնում, կողքովն անց է կենում, մեծ ճամփեն բռնում, գնում[4]։

Գալիս է միջնեկ ախպերը։ Սա էլ մեծ ախպոր նման առանց բարով, աստծու բարին ասելու ալևորի կողքովն անց է, կենում, միջի[5] ճամփեն ընկնում գնում։

Սրանցից ետը գալիս է փոքր ախպերը[6]։

— Բարի օր, պապի՛։

— Աստծու բարին, որդի ջան։

  1. միտքն էլ
  2. [— Լավ ես ասում, ա՛յ հեր,— ասում են տղ<աները>]:
  3. Էն ալևոր մարդուն,
  4. Այս պարբերության դիմաց, աջ լուսանցքում. «№ 26 Բարի օր, պապի. աստված բանդ ոչ հաջողի։— Աստըծու բարին, որդի, քու բանն էլ աստված ոչ հաջողի»։
  5. միջնեկ
  6. փոքրը՝ Արեգը։