Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/374

Այս էջը հաստատված է

— Պապի, Էստեղ ի՞նչ ես շինում։

— Ճամփա եմ ցույց տալիս[1]։

— Դե ցույց տուր[2], պապի, ո՞րն է էն ճանապարհը, որ կախարդական աշխարհքն է տանում։

— Դժար Է կախարդական աշխարհքի ճամփեն։ Ի՞նչ ունես կախարդական աշխարհքում, ա՛յ որդի։ Ջահել ես, անփորձ ես, ինչո՞ւ ես գլուխդ փորձանքի տալիս[3]։

— Չէ՛, պապի, ինչ էլ որ լինի, պետք է գնամ։ Մեր Անթառամ այգին փուշ ու տատասկ է կտրել, մեր մարդիկը գազան են դառել։ Պետք է գնամ կախարդական աշխարհքից Հազարան Բուլբուլը բերեմ, որ փուշը[4] նորից վարդ դառնա, գազանը[5]՝ մարդ։ [Ոչ մի փորձանք ինձ չի վախեցնում, դու միայն ինձ [ճանապարհ] ճամփեն ցույց տուր, պապի։][6]

— Լսի՛ր, խիզախ տղա, էն ճամփեն ես դու փնտրում, նեղ [ու] քարքարոտ էն կածանը, որ կորչում է ամպերում։ Անդարձ է էն ճամփի անունը, ով որ էն ճամփեն ընկավ՝ էլ ետ գալ չկա նրան։ Ճամփեն մին է— ցավը հազար. հազար տեսակ տառապանք բռնած են էն դժար ճամփեն ու մաշում են ամեն կյանք։ Սարեր կան էն ճամփեն կապած՝[7] թռչունը չի անց կենում, խոր անդունդներ, որ նայելիս մարդու աչք է սևանում։ Հուր անապատ, որ անցնելու ամբողջ կյանքդ չի հերիք, ամեն քայլում դև ու հրեշ, ամեն կողմից փոթորիկ․․․

— Ի՜նչ են դևեր ու հրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի, և իմ ճամփեն ոչ փոթորիկ, ոչ տառապանք կկապի, սով, նեղություն չեմ հասկանում, չեմ էլ հոգում էդ մասին, ո՞ւմ է պակսել մի կտոր հաց էս աշխարհքի երեսին․․․ Եվ ինձ էնպե՜ս հեշտ է թվում անդարձ ճամփեն էն քարոտ և էն աշխարհքն էնպես գրավիչ, և էն հավքը էնքա՜ն մոտ․․․

  1. շանց տալիս
  2. ցույց տուր ինձ
  3. գլուխդ փորձանքի կըտաս
  4. փուշն ու տատասկը
  5. գազանները
  6. * Այս և նախորդ պարբերությունների դիմաց, աջ լուսանցքում. «№ 3. Ե՛տ դարձիր, նրան ինչպե՞ս պետք է բերես, ով որ գնում է՝ քար է դառնում։
    — Քար դառնամ, չըդառնամ ես պետք է գնամ։ (Վերջը 3 անգամ չոռ․ ձեր գարշելիների ձենը լսեցի։ Սրա վրա երկուսը քար են դառնում): Փոքրը գնում, ուշաթափ ընկնում— ոսկեմատ— հազարան բըլբուլը գիրջան է առնում— կենդանացնում ու եղբորն առնում»։
  7. բռնած